Մարտի 7-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը, տնօրեն Սոնա Զուրաբյանի ղեկավարությամբ, կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել: Մշակույթի կենտրոնի դահլիճը լեփլեցուն էր: Ներկա էր նաեւ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը`տիկնոջ հետ
Տոնական համերգը բազմաբովանդակ էր: Մթնոլորտը հագեցած էր տոնական, աշխույժ տրամադրությամբ: Գեղեցիկ ելույթներ ունեցան մշակույթի կենտրոնի «Պարող կարապներ» եւ «Սոսե» պարային համույթները, երգիչ Դավիթ Մանթաշյանը, իր ձոնած «Հայուհիներին» բանաստեղծությունը հնչեցրեց, կանանց տոնի առթիվ շնորհավորական խոսք ասաց բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը:
Մշակույթի կենտրոնի ռեժիսոր, դերասան Վահե Հովհաննիսյանը Արթուր Մանուկյանի հետ ներկայացրեց ամուսնության վերաբերյալ երգիծական մանրապատում: Վահեն Անդրանիկ Միքայելյանի հետ հնչեցրեց կատակ երգ: Նա կիթառով նվագելուց առաջ ասաց, որ այդ նոր գործիքը համայնքի ղեկավարի նվերն է, համայնքի ղեկավարն այլ երաժշտական գործիքներ էլ է նվիրել, սակայն դեռ պետք է դրանցով նվագել սովորել:
Միջոցառումը աշխույժ վարում էին պատանի դերասան Գեղամ Բաբաջանյանը եւ դերասանուհի Նաիրա Աբրահամյանը,ով նաեւ ասմունքում էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ