Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Մենք չենք դանդաղում, դուք եք շտապում»

Մարտ 07,2018 22:30

Մարտի 7-ին կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են մի քանի հարցեր:

Նա խոսեց Վրաստանի վարչապետի պաշտոնական այցից Հայաստան եւ այն կառուցողական գնահատեց:

Հավելեց, որ գարնանն էլ ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակություն կայցելի Վրաստան, իսկ աշնանը վրացիները կգան Հայաստան: «Սա շատ կարեւոր է, որպեսզի հարեւան երկրների պատգամավորները հաճախ հանդիպեն եւ քննարկեն բոլոր խնդիրները: Հայ-վրացական հարաբերություններում չկան հարցեր, որ կարելի է լուծել բանակցություններով: Բոլոր հարցերի լուծմանը կարելի է հասնել քննարկման արդյունքներով»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա անդրադարձավ մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ասաց, որ բոլոր համայնքներում ՀՀԿ-ն ունի թեկնածուներ, կան նաեւ թեկնածուներ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից: Ասաց նաեւ, որ հիմնական համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում. «Որոշ կուսակցություններ, որ խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին, ընդդիմության ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ընտրություններին մասնակցելուց»:

Ասաց նաեւ, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաեւ ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները եւ դրական է գնահատվել քաղաքական մեծամասնության աշխատանքը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի քննադատական գնահատականներին էլ անդրադարձ եղավ: Էդուարդ Շարմազանովն այս առիթով նշեց. «Ինձ համար զարմանալի է եւ տարօրինակ, որ որոշ քաղաքագետներ եւ ԶԼՄ-ներ ոչ ամբողջությամբ են ներկայացնում դեսպանի գնահատականները Հայաստանում կոռուպցիայի եւ ժողովրդավարության վերաբերյալ:

Եթե հարցազրույցն ամբողջությամբ չկարդաս, կարդաս միայն մեկնաբանությունները, ապա քեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ պարոն դեսպանը ոչնչացրել է Հայաստանի իշխանություններին եւ մեղադրական եզրակացություն հնչեցրել: Բայց երբ կարդում եմ հարցազրույցը, տեսնում ես, որ այնտեղ կա առողջ քննադատություն, որը կա եւ որը մենք ընդունում ենք որպես մեր գործընկեր երկրի սրտացավ դեսպանի առողջ քննադատություն: Բայց միեւնույն ժամանակ այնտեղ բավականին դրական գնահատականներ կան հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի, բարեփոխումների ընթացքի եւ այլնի մասին…

Երբ մամուլը գրում է, որ դեսպանը քննադատել է, թե ներդրումային վատ միջավայր է, հիշեցնեմ, որ դեսպանը նաեւ գրել է, որ ՀՀ-ում ԱՄՆ-ը իրականացնում է երեք խոշոր ներդրումային ծրագիր, որոնցից երկուսը վերջին երեք տարվա ընթացքում:

Առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ դեսպանը նշել է, որ միայն վերջին տարվա ընթացքում երեսունհինգ տոկոսով առեւտրաշրջանառությունն աճել է: Դեսպանը ասել է, որ Հայաստանում կա ազատ մամուլ եւ ազատ քաղաքացիական հասարակություն, ինչը ժողովրդավարության ցուցանիշ է: Կարո՞ղ եք ինձ մի պետություն մատնանշել, որտեղ իշխանությունները ոչ ժողովրդավարական են, բայց մամուլն ազատ է: Դա հնարավոր չէ առանց իշխանությունների քաղաքական կամքի:

Դեսպանը նշում է, որ այն պետական կառույցներում, որոնք անմիջական են աշխատում հասարակության հետ, կոռուպցիան նվազել է, սա, բնականաբար, դրական գնահատական է, եւ հետո առանց իշխանությունների կամքի կոռուպցիան չի կարող նվազել: Դեսպանն ասել է, որ կառավարության ղեկավարն ու կառավարությունը ընկալում են անկախ դատական իշխանությունը: Կա՞ն մտահոգություններ դեսպանի խոսքում, մենք կիսում ենք դա: Որեւէ հայ չինովնիկ ասել է, որ չկա՞ կոռուպցիա, ոչ ոք չի ասել… Մենք տարեցտարի ոչ թե ավելացնում ենք կոռուպցիան ու պրոբլեմները, այլ պակասեցնում:

Խնդրանք ՝ վերլուծականներ գրելիս, քսան տոկոսը մի կարդացեք, ութսունը մոռացեք: Մենք շատ շահագրգիռ ենք, որ գնանք ժողովրդական բարեփոխումների ճանապարհով եւ այդ ճանապարհին կարեւորում ենք ԵՄ եւ ԱՄՆ օժանդակությունը»:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ ՀՀԿ թեկնածուի վերաբերյալ հարցին: «ՀՀԿ-ն չի պատրաստվում մինչեւ ապրիլ ամիս քննարկել ՀՀԿ թեկնածուների հարցը, վարչապետի, փոխվարչապետի, նախարարների եւ փոխնախարարների պաշտոնում, այդ հարցը դեռ չենք քննարկել: Կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ պետական շահը կառաջադրի վարչապետի այն թեկնածուին, որը կարող է լավագույնս իրականացնել իր լիազորությունները: Մենք չենք դանդաղում, այդ դուք եք շտապում»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031