Գյումրիի մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգության կապակցությամբ բարձրացված հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը։
Համակարգի նախագծման և մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները և մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները և մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով աշխարհում առկա առաջադեմ անվտանգության, ինչպես նաև տվյալների պաշտպանության փորձը՝ առաջնորդվելով ISO/IEC 29100 և ISO 27001 ստանդարտներով։
Էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարության կողմից ձեռք է բերվել Էրիքսոն (Ericsson) միջազգային հայտնի ընկերությունից, որն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ոլորտում շուրջ 140 տարվա փորձ ունի։
Համակարգի մուտքը օգտատերերի համար կատարվում է օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ. անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով ՀՀ միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային և ապարատային գործիքների կիրառմամբ՝ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթացով:
Հավելենք, որ էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
Գյումրիի ստոմատոլոգների բարձրացրած մյուս հարցերի պարզաբանումներն` առաջիկայում։
ՀՀ առողջապահության նախարարություն