Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին ամբաստանյալներից Պավել Մանուկյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ:
«Մենք չենք հրաժարվում, ասում ենք ու հիմա էլ հիմնավորում ենք մեր մոտեցումը, դուք տեսնում եք, որ սա ոչ թե հանցագործություն է, այլ ապստամբություն: Ես իմ բառերը հիմա էլ եմ պատրաստ կրկնել՝ պողպատե սիրտ տղաներ ենք, կմեռնենք, բայց մեր ժողովրդի ոտքերի տակ: Անցել է տարիուկես, փոփոխություններ կատարվեցին, բերեցին ՊՆ նախարար դրեցին, որը ոչ մի բանի հետ կապ չունի, ասում եմ՝ իրերն իրենց անունով չկոչեմ, բայց հնարավոր չէ, երբեմն պետք է կոչեմ էլ: Մեկին դրեցին, որ բանակից անտեղյակ, անկապ: ՊՆ-ում երեւի կլինեն փորձառու մարդիկ, էդ երեխուն, որ մի տեղ ուղարկում են, գոնե ձեռքից բռնեն, չթողնեն գնա կռանա»,- հայտարարեց Պավել Մանուկյանը՝ քննադատելով հազար դրամի, «Պատիվ ունեմ, Ես եմ» ծրագրերը:
«Էս մեկը մարսեցինք, վարչապետը՝ գործուղում, նախագահը՝ գործուղում, բա էս ժողովուրդը, մտածել եք՝ մենք բացի ընդվզումից ինչ պետք է անեինք…սիրելի ժողովուրդ, այս իշխանությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, պոչից պետք է բռնենք ու Հայաստանից վտարենք»,- ասաց Պավել Մանուկյանը, ինչի համար դատարանից ստացավ նախազգուշացում:
Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանն էլ ՀՀ քաղաքացիներին հորդորեց մտավոր, հոգեւոր էներգիա չկենտրոնացնել այս «դատավարություն կոչվող ֆարսի վրա, այլ կենտրոնանալ քաղաքական պայքարի վրա».
«Մասնավորապես, կոչ եմ անում, մարտի տասին մասնակցել Հայաստան պետության ճակատի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ու տրամադրվել ստիպելու հարթակում գտնվող գործիչներին ընտրել ընդվզման ճանապարհն ու այդ ճանապարհով կազմակերպեն ժողովրդին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ