Շիրակի մարզի՝ իր հրաշք բնությամբ դրախտավայր հիշեցնող Արփի լճի տարածքի գյուղերում տները վաճառվում են բավական էժան՝ մոտ մեկ միլիոն դրամով։ Հետաքրքիրն այն է, որ մի կողմից մերձալպյան այս գոտին տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրեր են իրականացնում, մյուս կողմից էլ տների գները ընկնում են։
Օրինակ՝ Շաղիկ գյուղում հողամասով, եվրոպատուհաններով քարաշեն տունը վաճառվում է հենց մեկ միլիոն դրամով, հնարավոր է և սակարկել։
Aravot.am-ը խոշորացված Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը տների գների էժանացման, մի՞թե տուրիստների բավարար հոսք չկա, որոնք կցանկանային վարձով տներ վերցնել ու վայելել Արփիի չքնաղ գեղեցկությունը։ Գյուղապետն ասաց․ «Էժան գնով վաճառվող տները թուրքի տներ են եղել ժամանակին, տներ կան դատարկ են, կան նաև բնակելի։ Որ ասում եք տուրիզմի գոտի է, ժողովուրդը 30 տարվա մեջ այդպես էլ չհասկացավ այստեղի տուրիզմի գոտին ինչ բան է, շատերը մտածում են ծախեն, թողնեն գնան։ Ծանր ապրելակերպ է այստեղ, խիստ ձմեռ է։ Իհարկե, ոչ բոլոր տներն են այդ գնին, մարդիկ կան, որոնք տներ, գոմեր, հողեր են ծախել 10 հազար դոլարով, 7 հազար դոլարով, 15 հազար դոլարով, մեծամասամբ էժան են դատարկ տները՝ հին վիճակով, առանց ռեմոտնի։
Օրինակ՝ մարզպետի հետ այցելեցինք Շաղիկ , եվրոպատուհաններով մի տուն կար, ռեմոնտ չկար, բայց կտուրը գլխին, նորմալ նոր շենք էր, ասում էին՝ մեկ միլիոն դրամ որ տաք, կտանք ձեզ։ Գիտեք մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում, հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, կաթի գնի տատանումները մեծ են, վարկեր էին վերցրել, մնացել են վարկերի տակ, մտածում են, ծախեն, հեռանան»։
Մեր հարցին՝ իսկ գնորդներ կա՞ն, գյուղապետն ասաց․ «Շատ քիչ մարդիկ կան, որոնք ուզում են գնել այդ տները ընդամենը յայլա գալու համար, իր անասունը ասենք պահում է Հոկտեմբերյանում, Լեննականում կամ Արթիկում, այդ մարդիկ առնում են, գալիս են ամառը, իրենց անասունները բերում, էդ 6- 7 ամիսը պահում են, գնում։ Մտածում են նորմալ տուն լինի, ապրեն մեջը, նորից թողնեն, գնան։ Իսկ որ գնեն, սիրուն սարքեն ու սպասեն, որ տուրիստ գա, նման մտածելակերպով մարդիկ չկան գնորդների մեջ»։
Հարցին՝ տուրիստները քի՞չ են, գյուղապետն ասաց․ «Եկող տուրիստները քիչ չեն, շատ էլ չեն, շրջիկ տուրիստներն են եկողները, իրենց սիրուն տուն, քնելու տեղը պետք չէ, իրենք վրանների մեջ են քնում։ Էն ոճի տուրիստներ չկան, որոնք մտածեն՝ նորմալ քնելու տեղ լինի, նորմալ ճաշարան լինի, էդ մարդիկ գալիս են, սարի գլուխը վրանը խփում, քնում են։ Անցած տարի 70 հոգի եկել են, բայց քնելը հետաքրքիր չէ, սարերում են մնացել»։
Հիշեցնենք, որ եզակի բուսական ու կենդանական աշխարհ ունեցող այս տարածքը, որտեղ կան անգամ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ՝ ջրասամույր, խայտաքիս, Դարևսկու իժ, տափաստանային հողմավար բազե և այլն, հանգստի գոտու փորձում էին վերածել դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, միլիարդներ ծախսեցին «Արփա լիճ» ազգային պարկը հիմնելու, նույնիսկ այցելուների կենտրոն և հյուրատուն կառուցեցին, սակայն ամենահեռավոր, սահմանամերձ գյուղերից մեկի` Բերդաշենի բնակիչները մեզ բազմիցս բողոքել են, որ գյուղացիներն այդ ծրագրից ոչինչ էլ չեն շահել։
Նշենք, սակայն, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը խոշորացված Արփի համայնքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու հեռանկարը իրականանալի է համարում ։ Ըստ նրա, այստեղ կարող է զարգանալ ակտիվ տուրիզմը, գյուղական և էկոտուրիզմը և որ բազմաթիվ հետաքրքրիր զբաղմունքներ՝ ձկնորսությունը, թիավարությունը, ձիավարությունը, դահուկային սպորտը կարող են գրավել տուրիստներին։
Երկու շաբաթ առաջ Արփիում խորհրդակցություն անցկացրած Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է Արփի լճի գեղեցկությունը, բարդիների ու փշատերևների անտառների գրավչությունը չօգտագործելը։
«Ալպիական այս գոտին զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ծրագրեր կան, տուրիզմը մեր մարզի համար գերակա ոլորտ է հայտարարված: Իսկ որպեսզի որևէ բնակավայր գրավիչ լինի զբոսաշրջիկի համար, պետք է գրավիչ լինի նախ բնակչի համար: Մեր այցելությունների ու քննարկումների, ուսումնասիրությունների նպատակն այն է, որ մարդկանց կենցաղը բարելավվի, եկամտի աղբյուրները մեծանան: Այս նպատակով է, որ Շաղիկում մենք մի քանի տներ այցելեցինք, բնակիչները պատրաստակամություն հայտնեցին հյուրեր ընդունելու: Գյուղական կենցաղը, հատկապես արևմուտքում ապրողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել էր Արթուր Խաչատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ