Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որին ներկա էին մի քանի փաստաբան: Դատարանը հեռախոսազանգերի միջոցով պարզեց, որ որոշ ամբաստանյալների պաշտպաններ նիստին կմիանան ուշ, որոշները՝ ընդհանրապես չեն պատասխանել հեռախոսազանգերին:
Այսօր ապացույցների հետազոտման փուլն էր: Մեղադրող դատախազն ընթերցում էր, թե ինչեր են հայտնաբերվել ՊՊԾ գնդում:
«…Հատակում թափված էին ապակու կտորներ, մուտքի դռան վերեւի հատվածում փակցված էր ցուցանակ՝ իրային պահեստ գրառմամբ, զննության նպատակով բացվեց դուռը, պարզվեց, որ դռնից ներս առկա է միջանցք, աջ եւ ձախ պատին առկա է ճաղերով դռներ… բոլոր դռները բաց վիճակում էին, բացի ձախ կողմի վերջին դռնից, մնացածի դռների փականները ջարդված ու ծռված վիճակում էին»,- ընթերցեց դատախազը:
Մեկ այլ սենյակում զննությամբ, ըստ դատախազի, հայտնաբերվել են սաղավարտներ, պայուսակով պաշտպանիչ հանդերձանքներ, հակագազեր, իսկ առանձին սենյակներից հայտնաբերվել են նաեւ տարբեր տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ, ծռմռված գնդակներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ