Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի նախագահին

Մարտ 07,2018 19:15

Մարտի 6-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անաստասիադիսը, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ վերջինս իր նշանակալի ավանդը կներդնի հայ-կիպրական եղբայրական հարաբերությունների էլ ավելի խորացման և ամրապնդման գործում՝ հավաստիացնելով, որ Կիպրոսի կառավարությունն առավելագույն աջակցություն կցուցաբերի նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

Նախագահ Անաստասիադիսը վերահաստատեց, որ Կիպրոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ակտիվ ջատագովն է և հետամուտ է լինելու այդ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Կիպրոսի նախագահը նշեց, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և գնահատում են հայկական կողմի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ՝ հավելելով, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախագահ Անաստասիադիսը հայտնեց նաև, որ իրենք լիովին աջակցում են ուժի չկիրառմամբ և երկխոսության միջոցով հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Ամփոփելով խոսքը՝ Կիպրոսի նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չարչօղլյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու բարեկամ երկրների հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկու եղբայրական ժողովուրդների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսին փոխանցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Կիպրոսի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է հայ համայնքի առկայությունը Կիպրոսում, որն ամբողջության և ներդաշնակորեն ինտեգրվել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Նախագահ Անաստասիադիսն անդրադարձավ կիպրական հիմնախնդրին՝ ներկայացնելով Կիպրոսի և միջազգային հանրության ջանքերը՝ խնդիրը միջազգային և ԵՄ իրավունքի շրջանակներում համապարփակ կարգավորելու և հյուսիսային Կիպրոսի օկուպացիան վերացնելու ուղղությամբ:

Իր հերթին, դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031