Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում գերեզմանների վկայականներ. Միջնորդագիր՝ արձանագրված խախտումների վերաբերյալ

Մարտ 07,2018 17:57

Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ արձանագրված խախտումները քննարկելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Այսպես՝ Գյումրի քաղաքի մի բնակչուհի 2017թ. օգոստոսի 22-ին այցելել է ընտանեկան գերեզմանոց և  պարզել, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրի քաղաքի բնակչուհու ընտանեկան գերեզմանոցի տարածքը «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ կողմից 2016թ. հոկտեմբերին հատկացվել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ փակ բաժնետիրական ընկերության հատկացվող գերեզմանատեղերի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, ինչպես նաև հատակագծեր չեն տրամադրվում: Չեն տրամադրվում նաև գերեզմանների վկայականներ, քանի որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընկերության կողմից շահագործվող գերեզմանատներում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ /ծառուղի, հատված, շարք/ և հատակագծեր:

ՓԲԸ-ում պահպանվում են միայն հուղարկավորությունների հաշվառման գրանցամատյանները, որոնցում չեն նշվում հատկացված գերեզմանի կոնկրետ տեղը, շարքը, հատակագիծն ու ծառուղին:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը 2006թ. նոյեմբերի 23-ին որոշում է կայացրել  «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը և գերեզմանի վկայականի ձև սահմանելու մասին /որոշում թիվ 1910-Ն/, ինչը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 2007թ. հունվարի 22-ին:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից Գյումրու քաղաքապետարանին միջնորդվել է՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Գյումրու նշված փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկող գերեզմանատներում իրականացնել գերեզմանատեղերի հաշվառում, հատակագծերի և գերեզմանների վկայականների տրամադրում, դրանց վերաբերյալ հաշվառման մատյանների վարում, դրանց պահպանություն: Բացի այդ, առաջարկվել է  քննարկել ՀՀ  կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ  իրենց իրավասությունների շրջանակներում իրականացրած աշխատանքներում բացթողումներ և թերացումներ թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031