Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 350 փոքրիկների առջև: Հիմնանորոգման գործում ներդրում ունեցած անձանց մանկապարտեզի սաներն իրենց յուրօրինակ շնորհակալությունն են հայտնել՝ երաժշտական կատարումով:
Կրթօջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է ժամանակակից մանկական խաղերով: Կրթօջախն իրականացնում է նաև ներառական կրթություն, որի համար ևս մանկապարտեզում ապահովվել են համապատասխան պայմաններ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան ջերմ միջավայրում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն