Aravot.am-ի հարցին, թե երեկ վարչապետը հայտարարեց, որ իրեն հասած տեղեկություններով, դեղատների առաջ դեղատոմսեր են վաճառել, ինչն ըստ էության հայտարարություն էր հանցագործության մասին, տեղյա՞կ է նախարարությունը ովքեր են եղել, ինչի մասին է խոսքը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ հանձնարարություն են ստացել, որպեսզի վեր հանեն դեպքերը. «Որպեսզի կարողանանք հասկանալ որտեղ է դա տեղի ունենում եւ հենց նման դեպքեր կհայտնաբերենք դրանց համապատասխան ընթացք կտանք»:
Մեր ճշտող հարցին, թե տեղյակ չե՞ք կոնկրետ ինչի մասին էր խոսում վարչապետը, պարոն Խաչատրյանն ասաց, որ` տեղեկացել է այն մասին, որ նման երեւույթ կա:
Փոխնախարարի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Այսօր նախարարությունում կազմակերպված ասուլիսում լրագրողները նաեւ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախարարությունը մինչ որոշումն ուժի մեջ մտցնելը հաշվի չէր առել, որ խնդիրներ են առաջանալու: Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում պարոն Մարգարյանը վարչապետին ներկայացրեց դեղերը դեղատոմսով գնելու մասին նոր նախագիծը: Նախ` փոխնախարարը հորդորեց կառավարության որոշումը ուշադիր կարդալ, ապա նշեց, որ այդ որոշմամբ քիչ բան է փոխվել եւ որ հակաբիոտիկները, այլ ռիսկային պրեպարատներ կրկին պետք է դեղատոմսով ձեռք բերվեն: Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ նախարարությունը չի խոստովանում, որ թերացել է, պարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ ինչ անեմ, ձեռքս ջարդեք` խոստովանեմ»:
Պարոն Մարգարյանին նաեւ հարցրին, թե նախարարությունն ընդունո՞ւմ է, փաստում է, որ որոշում ընդունելու, ապա փոփոխելու արդյունքում մի շարք քաղաքացիներ տուժեցին, որոնք ստիպված էին իրենց խնայողությունները ծախսել դեղ գնել, իսկ պապիկ-տատիկներն էլ հերթեր չկանգնելու համար նույնպես իրենց թոշակի վերջին գումարները ծախսել են «զապաս» դեղ գնելու համար, փոխնախարարը պատասխանեց` ոչ չեմ փաստում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ