Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ժողովուրդն ուզում է սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն»

Մարտ 07,2018 14:21

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը «քաղաքական հայտարարություն» է համարում 2014 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, որ ինքը չի հավակնելու Հայաստանում վարչապետի պաշտոնին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե այժմ Սերժ Սարգսյանը ցանկանա դառնալ ՀՀ վարչապետ, չի կարծում, որ դա կլինի խոսքի դրժում:

Գալուստ Սահակյանը հիշեցնում է`վարչապետի թեկնածության շուրջ ՀՀԿ-ում դեռ քննարկումներ չեն եղել: Բայց հաստատում`ինքը մնում է իր`ավելի վաղ հայտնած կարծիքին`Սերժ Սարգսյանը միակն է, որը կարող է ստանձնել այդ պաշտոնը: Երբ կուսակցությունում քննարկումներ սկսվեն` ինքը կհիմնավորի եւ իր փաստարկները կբերի:

Aravot. am-ը նկատեց`ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր պաշտոնից հեռանալիս ասում`ազգովին կխնդրեք, նորից ետ կգամ, հիմա`ՀՀԿ-ն է խնդրում, որ Սերժ Սարգսյանը մնա երկրի թիվ մեկ պաշտոնին: Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանին խնդրել-չխնդրելու հարցը չի: Դա մեր տեսակետն է»:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Եռաբլուրում արած հայտարարությունից: Վերջինս ասել էր` Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի:

Գալուստ Սահակյանն ասաց`մի մտածեք, որ Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկին շատ վատ բան է ասում. «Եթե մեկ անգամ, դուք ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք թե Մանվել Գրիգորյանն ինչ է ասում, ինչի մասն է խոսում»:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ «Ելք»-ի կողմից հնարավոր հանրահավաքներ, բողոքի ցույցեր եւ ընդվզումներ կազմակերպելու մասին: «Մեր ժողովուրդն ընդդիմադիր ժողովուրդ չի: Նա ուզում է լավ ապրի, այսինքն` իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել: Սա է մեր ժողովրդի վիճակը»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ թերահավատություն հայտնելով «Ելք»-ի հաջողության մասով:

Նա նաեւ կասկածում է, որ «Ելք»-ը կարող է ժողովուրդ հավաքել Ազատության հրապարակում: Ասում է` այն կուսակցությունն է կարողանում ժողովուրդ հավաքել, որը տեղական ընտրությունների ժամանակ իշխանություն է ձեռք բերել. «Մնացած բոլոր կուսակցությունները, որ Հայաստանի մասին մեծ երազներ են ներկայացնում, որ երբեմն-երբեմն մտածում ես` ինչ լավ կլիներ, էդ երազները շուտ լինեին, ժողովուրդ չեն կարող հավաքվել: Մարդիկ մտածում են, որ գալիս են փողոց, հաջորդ օրը, կամ հաջորդ ամսվա մեջ լավ չի լինելու: Ժամանակը ցույց տվեց, որ այդ դուրս գալով որևէ մեկը չի կարող որևիցե բանի հասնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031