ԱԺ այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Կողմ» քվեարկեց 64, իսկ «դեմ»՝ «32» պատգամավոր: Ըստ այդմ, ՀԽ-ին կից Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ կստեղծվի: 89 «կողմ» եւ 8 «դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Իսկ դա նշանակում է, որ ԱԽ նիստերը վարելու է վարչապետը, իսկ ՀՀ նախագահն ԱԽ կազմում չի լինելու:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական պարգեւների եւ կոչումների մասին» օրենքի նախագիծը, որով «Ազգային հերոս»-ի կոչումը փոխարինվում է «Հայրենիքի շքանշան»-ով: «Կողմ» էր քվեարկել 64, «դեմ»՝ 8, իսկ «ձեռնպահ»՝ 25 պատգամավոր: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է, որ կառավարության նիստերը դռնփակ պետք է անցկացվեն:
«Ծավալուն օրենքների փաթեթ է ներկայացվել: Վստահ եմ, որ անգամ հեղինակները չեն հասցրել կարդալ: Նման տեմպով այսպիսի օրենքներ ընդունելը ճիշտ չէ»,-հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Օրինագիծն ընդունվեց 63 «կողմ» եւ «32» դեմ ձայներով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ