Իշխող Հանրապետական կուսակցությունում բարեկամաբար եւ ի գիտություն են ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունները: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, դեսպանը խոսել էր այն մասին, որ Հայաստանում շարունակում է թիվ մեկ խնդիրը մնալ իշխանության չարաշահումը, իշխանության հետ փոխկապակցված անձանց կողմից մենաշնորհների ստեղծում-պահպանումը եւ կոռուպցիան:
Էդուարդ Շարմազանովը մատնանշում է իշխող կուսակցության ջանքերը`օրենսդրական փոփոխությունները, որոնք դեռ ընթացքի մեջ են եւ որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարին: Նա կարծում է, որ դրանք հնարավորություն են ստեղծում ավելի լավ պայքարել այդ ախտի դեմ:
«ՀՀ իշխանությունները երբեք չեն ասել, որ Հայաստանում վատ երեւույթներ չկան: Որեւէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան: Մենք ունենք քաղաքական կամք: Մենք ուշադիր կլսենք մեր բոլոր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները եւ եթե կարիք լինի, նոր թափով կսկսենք այդ բարեփոխումները»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ