Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մտահոգված է՝ կրթության ֆինանսական արդյունավետության գնահատական Հայաստանում չկա:
«Մեդիա կենտրոնում» ներկայացնելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի իրականացրած կրթական ծախսերի ուսումնասիրության արդյունքները, պարոն Մանուկյանն ասաց. «Ծախսի դիմաց դրա արդյունավետության գնահատականը չկա: Չկա այն, թե կրթության պատասխանատուների համար ելքային ցուցանիշը որն է, որով կարելի է կրթական ծախսի արդյունավետություն չափել: Պետք է ներդնել ֆինանսական արդյունավետության գնահատականը, որի արդյունքում կկարողանանք չափել՝ ինչքանով է տվյալ ռազմավարությունը, որը պաշտոնյաների կողմից ներկայացվում է, արդյունավետ և ներառական տնտեսության և ազգի համար»:
Տնտեսագետը հայտնեց՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս ՝ կրթական ծառայությունների մասնաբաժինը ՀՀ-ում տարեցտարի նվազում է: Բացի այդ, նկատվում է կրթական ծառայությունների խիստ կենտրոնացվածություն Երևանում՝ 84 տոկոս:
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ տնային տնտեսությունների՝ ընտանիքների ծախսերում կրթությանը հատկացվող ծախսերը գնալով կրճատվում են: Դրա պատճառը կրթության որակն է:
Անդրադառնալով նախադպրոցական կրթության իրականացմանը՝ պարոն Մանուկյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ-ում նախադպրոցական տարիքի երեխաների 2/3-ը չի հաճախում մանկապարտեզ, գյուղական համայնքներում չի հաճախում մոտ 83 տոկոսը. ոչ թե մանկապարտեզներ չկան, այլ դա ուղղակի ծախսատար է»:
Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ՝ ավագ դպրոցն արդյունավետ չի գործում. «Ավագ դպրոց հաճախելու դեպքում ֆինանսական բեռն ավելի մեծ է: Ուստի ավագ դպրոցի այն տեսլականը, որ ժամանակին դրված էր, չի ծառայում նպատակին»:
Բարձրագույն կրթության բնագավառում ևս ցուցանիշները մխիթարիչ չեն: Ըստ հետազոտության ՝ վերջին 10 տարիների ընթացքում ուսանողները կրճատվել են 30 տոկոսով, իսկ բուհերի 81 տոկոսը կենտրոնացած է Երևանում. ուսանողների 84 տոկոսն այստեղ է սովորում: Խնդիրն այն է, որ բուհերը ոչ թե որակն են բարձրացնում, այլ ընդունելության քննությունները, կրթության ստուգման մեխանիզմներն են պարզեցնում»:
Հարցին՝ կրթության մասին օրենքում կատարվող փոփոխությունները նշված խնդիրները կլուծե՞ն, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Մենք ունենք բավականաչափ լիբերալ օրենսդրություն՝ ընդհուպ մինչև արտատպած աշխարհի լավագույն փորձերից, բայց պրակտիկ դաշտում մեր բոլոր խնդիրներն իրավակիրառ համակարգում են: Նույնիսկ գործող օրենքներով հնարավոր էր իրականացնել այս խնդիրները, եթե ունենայինք պատշաճ ռազմավարություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի