ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց նաեւ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը (լուսանկարում), ներկայացնելով նախագիծը, նշեց՝ փոփոխությունը կայանում է նրանում, որ օտարերկրացուն հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու նախագահի լիազորությունն այսուհետեւ վերապահվելու է վարչապետին:
«Նոր Սահմանադրությունը ՀՀ նախագահին չի օժտել օտարերկրացուն կարգավիճակ շնորհելու լիազորությամբ, ուստի այն պետք է տրվի վարչապետին»,-ասաց Վարդան Եղիազարյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ըստ օրենքի նախագծի՝ օտարերկրացիների՝ հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին դիմումներն այսուհետեւ քննարկելու է ՀՀ կառավարությունը, եւ, ըստ, այդմ, ներկայացնելու է վարչապետին: Այս օրինագծով նաեւ վերացվում է օտարերկրացու՝ հատուկ կացության կարգավիճակ ստանալու իր դիմումը մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ: «Կողմ» քվեարկեց 88, իսկ «դեմ»՝ 8 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ