Լատվիայում ՀՀ դեսպանության հայտարարությունը
Փետրվարի 26-ին՝ Ադրբեջանում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի նախօրեին, Ադրբեջանի դեսպանությունը Ռիգայում կազմակերպել էր ևս մեկ հակահայկական սադրանք՝ «Խոջալուի ցեղասպանության» 26-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն» վերտառությամբ (13:30-16:00, Եվրոպայի տուն, Խորհրդակցությունների սենյակ, 1-ին հարկ)։
Մեր առաջնային մտահոգությունը ոչ թե Ադրբեջանի կողմից պատմության մեկնաբանությունն է, այլ դիվանագիտական կորպուսին և Լատվիայի քաղաքական գործիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ դրվագների այս միակողմանի և խեղաթյուրված ներկայացման մեջ ներքաշելու վերջինիս փորձը:
Սովորական պրակտիկա է, որ որոշ երկրներ կփորձեն ներկայացնելու պատմական դրվագների իրենց մեկնաբանությունը՝ ընդգծելով ինչ-որ իրադարձություններ և անտեսելով նրանք, որոնք չեն համապատասխանում իրենց տեսլականին։ Այնուամենայնիվ, միանշանակ անընդունելի է կեղծիքները որպես անհերքելի ճշմարտություն տարածելը։ Ոչինչ չի կարող արդարացնել ողբերգությունները քարոզչական նպատակների համար ծառայեցնելու փորձերը, հակապես նրանց կողմից, ովքեր մեծապես պատասխանատու են դրանց համար։ Ոչ մի ցեղասպանագետ անգամ չի դիտարկում Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դժբախտ իրադարձությունները «ցեղասպանություն» համարել, քանզի այդ տերմինի օգտագործումը նշանակում է, որ նպատակը, մասշտաբը, իրականացնողն ու զոհերը պետք է հստակ հայտնի լինեն: Այս պարագայում այդ բոլորը բացակայում են։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում և անգամ ավելի վաղ շրջանի քաղաքացիական բնակչությունը շարունակաբար զինված հարձակումների և որոշ դեպքերում էլ՝ ջարդերի ու սպանդի է ենթարկվել։ Ամենահայտնի դրվագներից հետևյալները կարելի է առանձնացնել. Մարաղա գյուղի հայ քաղաքացիական բնակչության ամբողջական բնաջնջումը Լեռնային Ղարաբաղում (10 ապրիլի, 1992թ.), հայերի էթնիկ զտումները Նախիջևանի ինքնավար մարզում, Ադրբեջանի ԽՍՀ-ում (սկսած 1921թ․ Խորհրդային Ադրբեջանին դրա անօրինական բռնակցումից մինչև 1988թ․) վերը հիշատակված հայերի ջարդն ու կոտորածը Սումգայիթում (փետրվարի 26-29, 1988թ.), Կիրովաբադում (նոյեմբերի 21-27, 1988թ.) և Բաքվում (հունվարի 13-19, 1990թ.), Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության սպանությունը՝ Շուշի քաղաքից և Խոջալու գյուղից «Գրադ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռակոծելու միջոցով:
1992թ․ ղարաբաղյան պատերազմի թեժ պահին շրջափակված Ստեփանակերտը՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը, ադրբեջանական դիրքերից ամեն օր ենթարկվում էր անխնա հրետակոծման։ Խոջալու գյուղն այդ դիրքերից մեկն էր՝ տեղակայված շրջանի միակ օդանավակայանի կողքին, որն ունակ էր կապ ապահովել Ղարաբաղի և արտաքին աշխարհի միջև։ Ռազմավարական նշանակության Խոջալու գյուղի կրակակետի լռեցումը շրջափակումը վերացնելու միակ ճանապարհն էր։
Ե՛վ Խոջալուի իշխանությունները, և՛ բնակչությունը տեղեկացվել էին ակնկալվող գործողության, ինչպես նաև մարդասիրական միջանցքի մասին, որը ստեղծվել էր Աղդամի ուղղությամբ անխափան ճանապարհ ապահովելու համար. ճանապարհ, որն այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ էր։ Խոջալուի այն բնակիչները, ովքեր օգտագործեցին այս միջանցքը, կարողացան անվնաս հասնել ադրբեջանական դիրքերին։ Նրանք, ովքեր մնացին գյուղում, ռազմական գործողության ընթացքում կորուստներ նույնպես չկրեցին, և հետագայում անվտանգ տարհանվեցին: Խաղաղ բնակչության սպանությունը տեղի է ունեցել ոչ թե Խոջալուի տարածքում կամ դրա անմիջական հարևանությամբ, այլ Աղդամի տարածքի ծայրամասերում, որոնք Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ էին։
Ոչ այլ ոք, քան ինքը՝ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, հարցականի տակ է դրել այս ողբերգության համար հայերին մեղադրելու պնդումների վավերականությունը. «․․․ միջանցքը, որի միջոցով մարդիկ կարող էին փախչել, այնուամենայնիվ թողնվել էր հայերի կողմից։ Այսպիսով, ինչո՞ւ պետք է նրանք կրակ բացեին: Հատկապես Աղդամի շրջակա այն տարածքում, որտեղ այդ ժամանակ կար բավարար քանակությամբ զորք, որը կարող էր օգնության հասնել մարդկանց»: (Այազ Մութալիբով, Ադրբեջանի նախկին նախագահ, «Նեզավիսիմայա Գազետա», 02․04․1992թ.)։ Այնուհետև Ադրբեջանի նախկին նախագահը նշում է, որ «համաձայն Խոջալուի փրկված բնակիչների՝ այս ամենը կազմակերպվել էր որպես արդարացում իմ հրաժարականի: Որոշ ուժեր պայքարում էին Նախագահին վարկաբեկելու համար» (նույն տեղում)։
«Իրենք՝ Խոջալուի բնակիչները, պնդում են, որ նրանք օգտագործել են միջանցքը, և որ միջանցքի հակառակ կողմում գտնվող հայ զինվորները կրակ չեն բացել: Ադրբեջանի ժողովրդական ճակատը ներկայացնող որոշ զինվորներ Խոջալուի բազմաթիվ բնակիչների տարհանել են Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ. ես գաղափար չունեմ, թե ինչու, քանզի այդ ժամանակ այն հայկական Ասկերան գումարտակի վերահսկողության ներքո էր: Մյուսները հրետանային կրակի տակ ընկան Աղդամի շուրջը գտնվող տարածքում»: (Էյնուլլա Ֆաթուլլաև, ադրբեջանցի լրագրող, «Իրական Ադրբեջան» թերթ, ապրիլ 2005)
Ադրբեջանի, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչների կողմից արված այս և նմանատիպ այլ հայտարարությունները բավարար են եզրակացնելու, որ Խոջալուի բնակիչները դարձել են Բաքվում իշխանության պայքարի զոհը, և այսօր այս ողբերգությունն օգտագործվում է քարոզչական նպատակներով:
Մյուս կողմից, պետք է ի նկատի ունենալ, որ հենց Սովետական Ադրբեջանն էր, որ 1988թ. կազմակերպեց հայկական ջարդերը: 1990թ. “New York Review of Books”-ում հրապարակված բաց նամակը, որը 132 աշխարհահռչակ մտավորականների հետ միասին ստորագրել էր Ռիգայում ծնված քաղաքական փիլիսոփա Իսայա Բեռլինը, փաստում է. «1988թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած ջարդերին հաջորդեցին Կիրովաբադում և Բաքվում 1988թ. նոյեմբերի կոտորածները: Այն փաստը, որը ջարդերը կրկնվել են և այն, որ դրանք իրականացվել են միևնույն կերպ, ստիպում են մեզ եզրահանգել, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն: Փոխարենը, մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական փոքրամասնության դեմ հանցագործությունները դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն»:
Ավելի ուշ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, քաղաքացիների, այդ թվում՝ տարեց մարդկանց և երեխաների բարբարոսաբար սպանությունները դարձան տխուր ավանդույթ, որը դժբախտաբար դեռևս չի դադարել: Ընդամենը երկու տարի առաջ Ղարաբաղում հայ զինվորների գլխատման մի շարք դեպքեր արձանագրվեցին, ովքեր գերի էին ընկել կամ սպանվել Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի հետևանքով ծավալված մարտի ընթացքում: Ադրբեջանի ղեկավարությունը բազմաթիվ անգամներ շարունակաբար մեծարել է նրանց, ովքեր անխղճորեն սպանել են հայերին: Դրա հետ մեկտեղ, վերջինիս դիվանագիտական առաքելությունները փորձում են Ադրբեջանին ներկայացնել իբրև զոհ:
2018թ․ փետրվարի 8-ին միջազգային հանրությունը վրդովվեց՝ լսելով, որ Ադրբեջանի նախագահը՝ այն երկրի առաջնորդը, որը հայտնվել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա միայն 1918թ-ին, «Նոր Ադրբեջան» կուսակցության 6-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարվեց․ «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը։ Սա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան»։ Նա նաև հայտարարեց, որ «Զանգեզուրը (ներկայիս հարավային Հայաստանը) և Գյոքչեն (Սևանա լիճը և հարակից տարածքները) ադրբեջանական պատմական հողեր են»։
Մենք դիմում ենք Հայաստանի և հայության բոլոր բարեկամներին` ձեռնպահ մնալու Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության մեջ ներքաշվելուց: Նույնիսկ եթե Ադրբեջանում՝ սկսած մանկապարտեզներից և դպրոցներից տիրապետող է հայերի ապամարդկայնացումը և ադրբեջանցիների զոհի կարգավիճակով ներկայացնելը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով թունավոր ատելության և կեղծիքի արտահանումը չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծմանը։
Մենք վերահաստատում են, որ ատելության տարածման և մահացու զենքի կուտակման փոխարեն Ադրբեջանը պետք է միանա Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջարկների հիման վրա կարգավորելու համար:
Մեր բոլոր ջանքերն ու ռեսուրսները պետք է ուղղված լինել կայուն խաղաղության կառուցմանը, այլ ոչ թե՝ քարոզչության միջոցով ատելության բորբոքմանը: