Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՌՀ շրջանավարտ (1999-2004թթ․, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական և մունիցիպալ կառավարման մասնագետ) Սերգեյ Ավետիսյանը։
Հայաստանում քաղաքացիական ավիացիայի առկա խնդիրներին, ձեռքբերումներին և հետագա ծրագրերին նվիրված կլոր-սեղան քննարկման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը մանրամասն ներկայացրել է ոլորտում իրականացված բարեփոխումները, զարգացման ծրագրերը և խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ «Բաց երկնքի քաղաքականություն որդեգրելու արդյունքում այսօր Հայաստանում օրական իրականացվում է 25-30 չվերթ։ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017թ․-ին կազմել է 2 միլիոն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։ Ցավոք, մեր ավիափոխադրումների շուկան դեռևս անհրաժեշտ չափով դիվերսիֆիկացված չէ, որպեսզի մենք ունենանք ավելի շատ ուղիղ չվերթներ աշխարհի տարբեր երկրներ»,- նշել է նա՝ հավելելով, որ բեռնափոխադրումների առումով ևս գրանցվել է զգալի աճ․ «Զվարթնոց» օդանավակայանում անցած տարի այն կազմել է 22 հազար 324 տոննա ապրանք, որը 22.1 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
ՔԱԳՎ պետն անդրադարձել է նաև 2017թ․-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրին։ «Այդ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հայկական ավիաընկերություններին առանց սահմանափակումների օգտվել Եվրամիության ներքին շուկայից, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություն մեկնել»,- նշել է Ավետիսյանը:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացրել է նաև «Ավիաուսումնական կենտրոն»-ի գործունեությունը՝ հայտնելով, որ այսուհետ բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռվելու մասնակցել մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական։ «Մենք նպատակ ունենք ստեղծելու տարածաշրջանային նշանակության ավիացիոն ուսումնական կենտրոն, որը նոր նախադրյալներ կստեղծի մեր երկրում մեծ և փոքր ավիացիայի զարգացման համար»,- ասել է Սերգեյ Ավետիսյանը:
Սերգեյ Ավետիսյանը, խոսելով փոքր ավիացիայի զարգացման մասին, նշել է, որ ուսումնասիրություններ են կատարվել մեր երկրում խորհրդային տարիներին կառուցված 20-ից ավելի աերոդրոմներում, որոնցից ընտրված հինգ աերոդրոմում իրականացվել է նախահաշվարկ՝ ենթակառուցվածքներում պահանջվող ներդրումների վերաբերյալ։ Գլխավոր վարչության պետը նաև հավելել է, որ ամենայն հավանականությամբ արդեն հունիսի վերջին պատրաստ կլինի Կապանի օդանավակայանը, որտեղ այս պահին ընթանում են թռիչքուղու ասֆալտապատման աշխատանքները։
ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն և ուսանողները քննարկման ընթացքում հայտնել են իրենց կարծիքները, ներկայացրել առաջարկներ և հարցեր ուղղել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Հանդիպման ավարտին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության հեռանկարները:
ՀՌՀ մամուլի ծառայություն