«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ այսօր ԱԺ նիստում միջադեպ տեղի ունեցավ: Օրենքի նախագիծն ընդունվեց 64 «կողմ» եւ 33 «դեմ» ձայնելով, ինչից հետո «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պատգամավոր Աշոտ Արսենյանը (ՀՀԿ) ներկա չի եղել, բայց նրա անվան դիմաց «կողմ» է գրանցվել: «Հասկացեք՝ ի՞նչ է տեղի ունեցել»,-դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ կոչ արեց նա:
Արա Բաբլոյանը նկատեց՝ գուցե խնդիրը կապված է նրա հետ, որ որոշ պատգամավորներ քվեարկելուց հետո դուրս են եկել նիստերի դահլիճից: «Ելք»-ի պատգամավորներին ԱԺ նախագահի պատասխանը չգոհացրեց:
Արարատ Միրզոյանը Բաբլոյանին ասաց. «Պարբերաբար ասում ենք՝ բացառեք կեղծարարությունը. մեկը մյուսի փոխարեն են քվեարկում: Մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ, ուզում եք լղոզել-անցնե՞լ»:
Արա Բաբլոյանն էլ արձագանքեց, որ նման խնդիր չկա. «Ես բոլորին հարգում եմ: Այո, քանիցս անդրադարձել ենք այս հարցին: Ձեր իսկ պահանջով ցուցատախտակն ավելի երկար ենք «պահում»: Նաեւ ցուցատախտակի պատկերը կրկնեցինք: Բայց պատգամավորների՝ դահլիճից դուրս գալուց հետո միայն դուք խնդիրը բարձրացրիք»:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Երկրի առաջին դեմքերը՝ ԱԺ ղեկավարը, փոխնախագահները, նայում են մեր աչքերի մեջ եւ սուտը ճշմարտության տեղ «բրդում»: Տեսախցիկների տեսագրությունները նայեք՝ կտեսնեք՝ դահլիճում եղե՞լ է, թե ոչ»:
«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ հավելեց. «ԱԺ-ն մանկապարտե՞զ է, որ մենք հետեւենք, թե ով է ում փոխարեն քվեարկում»:
Արա Բաբլոյանը եզրափակեց բանավեճը. «Բոլորիս իրավունքներն ու պարտականությունները հավասար են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ