ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ժան-Մարկ Լավեստին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՀՀ ԿԳՆ պատասխանատուներ:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Լիոնի հայազգի քաղաքապետին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, քանի որ կրթության ոլորտում առկա հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում Լիոնի մասնակցությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ գործնական հավաստում ունի:
«Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրումը կրթության համակարգի ամենահաջողված նախագծերից է՝ շնորհիվ ներդրված ֆրանսիական մոդելի և Լիոն-3 համալսարանի բարձրակարգ մասնագետների»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Մինչ այժմ ֆրանսիական համալսարանի առկայությունը մեր երկրում հումանիտար ուղղվածություն ունի, կարծում եմ ժամանակն է քայլ կատարել դեպի հաջորդ փուլ՝ ընդլայնելով համալսարանի գործունեությունը դեպի բնագիտական ուղղվածություն և կրթության 3-րդ աստիճան, ինչպես նաև գիտություն՝ հատկապես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Այս առումով, արդեն Ֆրանսիական համալսարանի և «Թումո» կենտրոնի հետ մի նախագիծ ենք քննարկում, որի արդյունքում նախատեսում ենք ստեղծել հզոր նորարարական կենտրոն՝ առայժմ բնագիտական ուղղվածությամբ»: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի դասավանդմանը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի և հանրապետության 5 մարզերի թվով 10 դպրոցներում ներդրվել է ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրման խորացված ծրագիրը: Նրա խոսքով, այժմ նպատակ կա ընդլայնել այդ ծրագիրը և նմանատիպ դպրոցներ բացել հանրապետության բոլոր մարզերում՝ ձևավորվելով ֆրանսիական ուսուցման և քաղաքակրթության յուրօրինակ կենտրոններ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և կրթության ոլորտում առկա կայուն և երկարատև համագործակցության համար՝ Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շեշտել է, որ ժամանակն է այդ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու: «Այսօր, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում և ողջ աշխարհում լուրջ խնդիր է ինչպես ապահովել բարձր գիտելիքներով կրթություն, որպեսզի ուսանողները վաղը կարողանան կերտել երկրի ապագան: Հիմա ժամանակն է, որպեսզի մեր հարաբերությունները թևակոխեն նոր փուլ. ժամանակն է, որ մենք հենվելով նախորդ ծրագրի վրա, իրականացնեք քաղաքական նոր նախագիծ ու ընդլայնենք մոտ մեկ տասնամյակ Հայաստանում գործող ֆրանսիական համալսարանի հնարավորությունները:», – ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ այդ հարցում հայտնելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: Իր հերթին՝ Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին նշել է, որ ֆրանսիական համալսարանի նմանատիպ մոդել գործում է աշխարհի տարբեր երկրներում և ներկայում Ֆրանսիայի կրթության նախարարությունը վերանայում է այդ երկրների ֆրանսիական մոդելի գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, քանի որ ֆրանսիական կողմի հավաստմամբ՝ այն ապահովում է կրթության որակ, որը կենսունակ է և միտված է ապագային:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լիոնի մետրոպոլի՝ որպես նորարական և խելացի քաղաքի մոդելին, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցության մի շարք տարաբնույթ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն