Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները հակաահաբեկչական հատուկ գործողություն են անցկացրել երկրի հյուսիսում, ոչնչացվել է զինված խումբ, որը ահաբեկչություններ էր նախապատրաստում երկրում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրությունը:
«Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է այսպես կոչված «Խաչմազի ջամաաթ» ահաբեկչական խումբը՝ Ադրբեջանի քաղաքացի Սաբիր Արուլլա օղլու Մամեդովի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ «2018թ. մարտի 6-ին ջամաաթի ակտիվիստներ Սաբիր Արուլլա օղլի Մամեդովը և Թառլան Սաֆար օղլի Սալիմովը, բռնվելով ահաբեկչությունների կազմակերպման մեջ, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն են ցույց տվել պետանվտանգության օպերատիվ խմբին»: Պատասխան կրակից Մամեդովը և Սալիմովը սպանվել են:
Հանցանքի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիչներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ «ահաբեկչության նախապատրաստում», «հանցավոր խմբավորման մասնակցություն» հոդվածներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ