Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնյանին օրենքով կարգելվի հակամրցակցային գործունեություն ծավալելը

Մարտ 07,2018 12:15

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի պատգամավորների մտահոգություններին՝ վստահեցնելով, որ օրինագիծը համապատասխանում է նոր Սահմանադրությանը, նաեւ՝ ԵՏՄ եւ ԵՄ մրցակցային պահանջներին:

«Այս օրինագծով բարձրացվում է տնտեսական մրցակցության պաշտպանության մարմիների կարգավիճակը: Ամրագրվում է, որ ՏՄՊՊՀ-ն անկախ եւ ինքնավար մարմին է: Ավելին, պետական պաշտոնյանին արգելվում է հակամրցակցային գործունեության դրսեւորումը»,-հայտարարեց Արտակ Շաբոյանը: Նա հայտնեց, որ օրինագծով մրցակցության ոլորտում իրավախախտման նոր տեսակներ են ավելացվել՝ տնտեսական գործունեության արգելված համակարգումը, ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները:

Շաբոյանը վստահեցրեց, որ ընդդիմադիրների առաջարկներին կանդրադառնան եւ կքննարկեն. «Կարծում եմ՝ այս նոր օրենսդրական փաթեթը կնպաստի մեր երկրում մրցակցային պայմանների բարելավմանը: Առավել արդյունավետ կբացահայտվեն հակամրցակցային համաձայնությունները»:

Օրինագիծը դրվեց քվեարկության: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Մենք կողմ ենք քվեարկելու՝ պայմանով, որ մեր առաջարկությունները քննարկվեն. կարծում ենք, որ քաղաքական ուժերը պետք է մասնակցեն հանձնաժողովի քննարկումներին»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ հայտարարեց. «Մենք «կողմ» ենք քվեարկում՝ վերապահումներով: Եթե մեր առաջարկները հետագայում չընդունվեն, «դեմ» կքվեարկենք»:

Քվեարկության արդյունքում օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 «կողմ» ձայներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031