ԱԺ այսօրվա արտահերթ նիստում շարունակվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկումը, որի շուրջ երեկ մանրամասներ հայտնեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Կարծիք հայտնեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ ասելով. «Կաստելային համաձայնությունների դեմ պայքարելու ներկայիս մեխանիզմները, որոնք առկա են այս օրինագծում, բավարար չեն»:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրինագիծը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ չափանիշներով են ապրանքների գները որոշվում. «Բոլոր մոնոպոլները բանանի կամ բենզին գինը միշտ կարողացել են հիմնավորել: Եթե պետությունը միջամտում է գնի որոշմանը, ստացվում է, որ գներն են վերահսկվում, իսկ մրցակցային պայմաններ, միեւնույնն է, չեն ստեղծվում»:
Նույն դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նկատեց՝ օրինագծից հանվել է այն դրույթը, համաձայն որի՝ շուկայում գերիշխող դիրք ունեցողի՝ չարաշահումների արդյունքում ստացված գերշահույթը պետբյուջե պետք է ներմուծվի. «Այդ դրույթը փոխարինվել է գերշահույթի տասը տոկոսի տեսքով տուգանքով: Մինչդեռ կարծում ենք, որ չարաշահման միջոցով գերշահույթ ստացածի գումարները պետք է ներմուծվեն պետբյուջե»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ