Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Էնդրյու Շաֆեր

Մարտ 07,2018 11:22

Չնայած Լեռնային Ղարաբաղում այսօրվա ստատուս-քվոն չի կարող երկար պահպանվել, այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շաֆերը:

Շաֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ շարունակում է ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդար կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ արձանագրության վրա և նրա հիմնական սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք: Մենք նաև համոզված ենք, որ այսօրվա ստատուս-քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, և որ այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասել է Շաֆերը:

Նրա խոսքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արտահայտած վճռականությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, արտացոլում է այդ իրականությունը:

«Ժնևի հանդիպումից հետո մենք՝ որպես համանախագահներ, մեծ աշխատանք ենք տարել հակամարտության կողմերի հետ՝ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար և կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է դիվանագետը:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկիր, հավատարիմ է բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, Շաֆերն ընդգծել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որը կնպաստի կայուն կարգավորմանը:

«Մենք շարունակում ենք նպաստել նրան, որ նախագահները և արտգործնախարարները հանդիպեն հնարավորինս հաճախակի՝ վերականգնելու քննարկումներն առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման կարևորություն, 2017թ. Ժնևում, ինչպես նաև 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների իրականացմանն ուղղված քայլեր»,- նշել է Շաֆերը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին՝ Շաֆերն ասել է, որ այդ քայլը կդառնա ապացույց, որ կողմերը հավատարիմ են շփման գծում լարվածությունը թուլացնելու միջոցառումների ձեռնարկմանը:

«Որոշումը նաև կօգնի ԵԱՀԿ-ին իր մանդատն իրականացնել ժամանակին և արդյունավետ: Համանախագահները կշարունակեն գործակցությունը կողմերի հետ՝ նրանց միջև այդքան կարևոր վստահությունը հնարավորինս արագ ձեռք բերելու համար»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին՝ որքանով են մոտ Բաքուն և Երևանը կայուն խաղաղությանը, Շաֆերը նշել է, որ հակամարտության լուծման հեշտ միջոցներ չեն լինում:

«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ եմ նշանակվել 2017թ. օգոստոսին: Իմ գործունեության իրականացման ընթացքում ես հանդիպել եմ հակամարտության տարբեր ասպեկտներով զբաղված տարբեր մարդկանց հետ: Եվ չնայած ես լսել եմ բազմաթիվ լավ առաջարկներ ու գաղափարներ՝ հակամարտության հեշտ լուծումներ չկան: Անիրական կլիներ ակնկալել, որ լուրջ բեկման կարելի է հասնել առանց մեծ աշխատանքի և նախապատրաստության, որն էլ որոշակի ժամանակ կպահանջի»,- ասել է նա:

Շաֆերի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես Բաքվի ու Երևանի, այնպես էլ համանախագահների և միջազգային հանրության կողմից, ինչն էլ վերջին հաշվով կստիպի կողմերին ծանր որոշում կայացնել:

Ինչ վերաբերում է համանախագահները հերթական տարածաշրջանային այցին, նա նշել է, որ իրենք այս պահին այդ հարցով հստակ ժամանակացույց չունեն, բայց շարունակում են կողմերի հետ խորհրդակցությունները՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընտրությունների ընթացիկ շրջանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031