Երեկ Ազգային ժողովը հերթական անգամ արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու կառավարության նախաձեռնությամբ օրակարգ բերված նախագծերը, որոնց մեծ մասն ուղղված է մի բանի. հայրենի օրենսդրությունը համապատասխանեցնել նոր սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներին։
Քննարկումների ընթացքում արծարծված խնդիրներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ։
– Ընդդիմության ձեր գործընկերների մտահոգությունները՝ Անվտանգության խորհրդի կազմի եւ գործառույթների հետ կապված, առաջինից երկրորդ ընթերցում չեն փարատվել. «Ելք» խմբակցությունը մնում է այն կարծիքին, որ հանրապետության նախագահը եւ ԱԺ խոսնակը չպետք է օտարված լինեն երկրի անվտանգության համար կարեւոր որոշումների կայացման գործընթացից։ Այս մասին ի՞նչ կասեք։
– Մենք ընդամենը օրենքը համապատասխանեցնում ենք սահմանադրության պահանջներին։ Իսկ սահմանադրության մեջ հստակ ամրագրված է՝ Անվտանգության խորհուրդը պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները մշակող մարմինն է։ Սահմանադրական այդ դրույթով է պայմանավորված խորհրդի կազմը, լիազորությունները եւ այլն։
Կարծում եմ, այստեղ ո՛չ նոր հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն կա, ո՛չ էլ ընդլայնելու կամ նեղացնելու սահմանադրությամբ գծված շրջանակները։ Խնդիրն այն է, որ պետական այդ մարմնի անվանումը մնացել է նույնը՝ Անվտանգության խորհուրդ, բայց բովանդակությունն էապես փոխվել է։ Եթե այդ մարմինը վերանվանված լիներ պաշտպանական խորհուրդ, հանրային ընկալման տեսանկյունից որեւէ հարց չէր առաջանա, որովհետեւ բովանդակային առումով դա հենց պաշտպանական խորհուրդ է՝ դրա օրինակը կա տարբեր երկրներում։
Թյուրընկալման պատճառն այն է, որ Անվտանգության խորհուրդ արտահայտությունը, անվտանգություն բառի լայն ընկալումներով պայմանավորված, ենթադրում է որոշակի բովանդակություն, տարբեր պետական մարմինների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների ներգրավվածություն եւ այլն։
Այս թեման մեկընդմիշտ փակելու համար պետք է արձանագրենք, որ խորհրդարանական կառավարման համակարգում Անվտանգության խորհուրդն իր նախկին բովանդակությամբ չկա ու չի լինելու. սահմանադրության համաձայն, դա վարչապետի կողմից ղեկավարվող մարմին է՝ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներից կազմված, որ մշակում է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները։
– Կառավարության կառուցվածքի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն առիթ դարձավ, որ ձեր ընդդիմախոսները եւս մեկ անգամ բարձրաձայնեն իրենց մտավախությունները, առ այն, որ բոլոր ուժային կառույցները դնելով վարչապետի ենթակայության տակ՝ ստեղծում եք «սուպերվարչապետական» կառավարման համակարգ։ Այստեղ տրամաբանություն կա՞։
– Տրամաբանություն կա այնքանով, որքանով քաղաքական ընդդիմությունը միշտ գտնում է հիմնավորումներ՝ քննադատելու իշխանությանը երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումների համար։
Իրողությունն այն է, որ կառավարման արդյունավետության տեսանկյունից շատ նշանակալի քայլ է արվում՝ ուժային մարմինները՝ հատկապես ոստիկանությունը եւ ԱԱԾ-ը, վարչապետի ենթակայության տակ դնելով, դրանք դրվում են խորհրդարանի վերահսկողության տակ։ Այսօր, երբ մենք նախորդ սահմանադրության թելադրած կանոններով հարցեր ենք ուղղում կառավարությանը, կառավարության ո՞ր անդամն է քաղաքական պատասխանատվություն կրում ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության գործունեության համար։ Ո՛չ մեկը։
Նոր կարգավորումներով հանրապետության վարչապետը, որպես գործադիր իշխանության ղեկավար, քաղաքական պատասխանատվություն է կրում այդ մարմինների գործունեության համար։ Սա առանցքային նշանակություն ունեցող սկզբունք է ժողովրդավարական, խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից։
Երկրորդ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում գործադիր իշխանության ղեկավարը չունենա լիազորություն՝ ղեկավարելու հատուկ ծառայությունները։ Եթե որեւէ մեկը նման պատկերացում ունի՝ կիլոմետրերով հեռու է պետական կառավարման տրամաբանությունը հասկանալուց։ Նույնը վերաբերում է ոստիկանությանը, բոլոր այն կառույցներին, որոնց մասին խոսում են ընդդիմության մեր գործընկերները։
Այսինքն՝ խոսքը ոչ թե վարչապետին «մոնստր» լիազորություններով օժտելու, այլ իրավազորությունն ու քաղաքական պատասխանատվությունը մեկտեղելու մասին է։ Նույն ընդդիմությունն այսօր խորհրդարանում ոստիկանության գործողությունների հետ կապված հարցեր է բարձրացնում։ Ո՞ւմ պետք է ուղղվեն այդ հարցերը։ Կիսանախագահական կառավարման պայմաններում այդ հարցը կարելի է տալ յուրաքանչյուրին, բայց որեւէ մեկն իրականում դրա համար քաղաքական պատասխանատվություն չի կրում։ Այս հարցադրումները մի քիչ արհեստածին են՝ այստեղ երկու կարծիք ուղղակի լինել չի կարող։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում