Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորն առաջարկում է մայրության նպաստ ստացող կանանց անհարկի քաշքշուկների մեջ չգցել

Մարտ 07,2018 14:00

Սոցապնախարարությունը մերժում է` մատնանշելով միջազգային պրակտիկան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հատկապես դրա՝ չաշխատող կանանց վերաբերյալ դրույթներում առկա են որոշ էական բացթողումներ: Ըստ նրա՝ այս տեսակի նպաստի իրավունք ունեցող անձանց առաջ անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ են դրված, որոնք ստվերում են պետական նպաստի այս տեսակի նպատակային նշանակությունը:

«Ելք»-ի պատգամավորը վարչապետին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Ըստ նրա՝ ի թիվս մի շարք փաստաթղթային հիմքերի, որոնք պահանջվում են չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եւ վճարելու համար, պահանջվում է, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայրի հասցեում հաշվառված լինեն եւ ունենան ՀՀ կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն ու ծննդօգնության պետական հավաստագիրը: Պատգամավորի ներկայացմամբ՝ օրենքում իմպերատիվ կարգով ամրագրված է, որ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում:

«Ճիշտ է, նույն կետով կառավարությանը վերապահված է տվյալ դրույթից բացառություններ սահմանելու իրավունք, սակայն ՀՀ կառավարությունը բավարարվել է ընդամենը մեկ աննշան բացառությամբ՝ եթե հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչեւ հղիության 12 շաբաթական ժամկետը: Վերը թվարկված պայմանների ուժով մայրության նպաստ ստանալ չեն կարող այն չաշխատող կանայք, որոնք մշտապես կամ օրենքով սահմանված որոշակի տեւողությամբ փաստացի, սակայն առանց հաշվառման բնակվում են Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայրի հասցեում, հեռավոր գյուղական բնակավայրերում բնակվելու հետ կապված դժվարությունների, որոշ նահապետական ավանդույթների, անիրազեկության կամ տարաբնույթ այլ հանգամանքների բերումով չեն հաճախել համապատասխան բժշկական հաստատություններ եւ չեն ստացել ծննդօգնության հավաստագիր, հղիության ու ծննդաբերության ժամանակաշրջանում գտնվել են արտասահմանում` անգամ, եթե Հայաստանից նրանց բացակայությունը եղել է իրավաչափ կամ ունեցել է այլ հարգելի պատճառներ, որի հետեւանքով չեն ստացել ծննդօգնության հավաստագիր»,- վարչապետին ուղղված նախագծում օրենքի բացթողումներն է թվարկում պարոն Գորգիսյանը: Նրա համոզմամբ՝ գործող իրավակարգավորումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե չաշխատող անձանց համար նախատեսված մայրության նպաստի բուն նպատակն է խթանել ոչ թե ծնելիությունն ու բազմազավակությունը, այլ որոշակի փաստաթղթեր ստանալն ու ներկայացնելը: Պատգամավորի կարծիքով՝ այդ գործառույթը պետք է ապահովվի բացառապես բացատրական-քարոզչական միջոցառումներով, այլ ոչ թե նյութական սանկցիայի` մայրության նպաստից զրկելու սպառնալիքով:

«Մայրության նպաստի նախատեսումը օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակից բխեցնելու պարագայում գլխավոր իրավաբանական փաստ պետք է դիտվի երեխայի ծնունդը եւ կնոջ մայրանալը: Հետեւաբար մայրության նպաստի նշանակման համար վճռորոշ հիմք պետք է լինի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան տրված երեխայի ծննդյան վկայականը, իսկ երեխայի վաղաժամ (այդ թվում՝ մահացած) ծնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանքը: Եթե ՀՀ քաղաքացին ծննդաբերում է արտասահմանում գտնված ժամանակ, ապա երեխայի ծննդյան վերաբերյալ հիշյալ փաստաթղթերը, համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ա) եւ դ) կետերի, տալիս է Հայաստանի Հանրապետության՝ տվյալ արտասահմանյան պետությունում գործող կամ մեկ այլ պետությունում Հայաստանի Հանրապետությանը սպասարկող հյուպատոսական հիմնարկը»,- նկատում է Գեւորգ Գորգիսյանն իր ներկայացրած նախագծում: Ըստ նրա՝ փոքր-ինչ բարդ է խնդիրն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին ծննդաբերում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող երկրում: Նման դեպքերում օտարերկրյա պետության բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը կարող է մայրության նպաստի նշանակման հիմք ծառայել դրա հավաստիությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների կողմից հանգամանալի ստուգվելուց եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվելուց հետո:

«Վերը նշված տրամաբանությամբ ճիշտ չպետք է համարել նաեւ չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը անվերապահորեն նրանց՝ ՀՀ որեւէ բնակավայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքով պայմանավորելը: Այս պայմանը, թերեւս, կիրառելի կարող է լինել միայն այն կատեգորիայի անձանց նկատմամբ, որոնց հաշվառված լինելը օրենքով պարտադիր է: Մնացած դեպքերում նպաստի նշանակման համար հիմք կարող է ծառայել նաեւ անձի փաստացի բնակության հասցեն, ուստի եթե անձը հաշվառում չունի, ապա կարող է ներկայացնել տեղեկանք իր փաստացի բնակության վայրից»,- նշում է պատգամավորը: Նրա համոզմամբ՝ օրենքում պետք է հստակորեն ամրագրվի նաեւ իրավասու մարմնի կողմից պետական նպաստի նշանակումը մերժվելու դեպքում՝ մերժման վերաբերյալ որոշումը վարչական եւ դատական կարգով բողոքարկելու նպաստառուի իրավունքը: Բացի այդ, Գեւորգ Գորգիսյանը կառավարությանը նաեւ առաջարկում է պետական բյուջեի միջոցների խնայողաբար ու նպատակասլաց օգտագործման շահերից, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում հավասարության ու հակակշռելիության սկզբունքներից ելնելով, անհրաժեշտ է ղեկավարվել միջազգային իրավունքում տարածում ստացած փոխադարձության կանոնով, եւ ըստ այդմ, մայրության նպաստի իրավունքով օժտել ՀՀ-ում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներն օժտված են նույնպիսի իրավունքով:

Այսօր կառավարությունում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով «Ելք»-ի պատգամավորի առաջարկությունները, իր հերթին վարչապետին եւ կառավարությանը կառաջարկի գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, քանի որ Գեւորգ Գորգիսյանի մատնանշած իրավակարգավորումները չեն բխում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից, ոլորտում վարվող քաղաքականության սկզբունքներից, նպատակներից եւ համահունչ չեն միջազգային պրակտիկային: Այսինքն` «Ելք»-ի նախաձեռնությունը կմերժի:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

06.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031