Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թոշակառուն դիմել է վարչապետին՝ Արմեն Ամիրյանի ընկերության հետ կապված դատավեճով

Մարտ 07,2018 13:30
dat

«Արմեն-Ակոբը» դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին

«Արմեն-Ակոբ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը դիմել էր վարչական դատարան՝ Երեւանի քաղաքապետարանի դեմ: Երրորդ անձ էին ճանաչվել կենսաթոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ Ժենյա Մարգարյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը:
Մշակույթի նախարարի հիմնադրած «Արմեն-Ակոբ» ընկերությունը պահանջել էր անվավեր ճանաչել 15 տարի առաջ ապրիլի 25-ին քաղաքապետի կողմից կայացրած թիվ 894-Ա որոշումը, որոշման հիման վրա կատարված պետական գրանցումները, պայմանագրերը: Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին վարչական դատարանը հայցը բավարարել է: Երրորդ անձ ճանաչված թոշակառուն դիմել է վարչական վերաքննիչ դատարան:

Դատարանն, ըստ էության, Երեւանի քաղաքապետի այդ որոշումը Գագիկ Հակոբյանի մասով ճանաչել է անվավեր, որպես հետեւանք՝ անվավեր է ճանաչվել դրա հիման վրա կնքված վարձակալության պայմանագիրը եւ կատարված պետական գրանցումները:
Կողմերից որեւէ մեկը վարչական դատարան չի ներկայացել, բացառությամբ երրորդ անձ ճանաչված Գագիկ Հակոբյանի հիվանդ կնոջ: Դատարան են ուղարկվել անսիրտ առարկությունները:

Ի դեպ, Գ.Հակոբյանը երկու ծանր վիրահատություն էր տարել՝ սրտի, գլխուղեղի, իսկ մահացել է դատական վեճի հետ կապված ապրումներից:

Գ.Հակոբյանի կինը՝ Ժենյա Մարգարյանն ասում է, որ ամուսինը 1987-88 թվականներին ինքնակամ կառուցել էր Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 50 շենքի դիմաց գտնվող խանութը, որն օրինականացվել էր Երեւանի քաղաքապետի որոշմամբ, շինության սեփականության իրավունքը ճանաչվել էր վարձակալության պայմանով:
Կադաստրի եւ Գագիկ Հակոբյանի միջեւ քաղաքապետարանի որոշման հիման վրա կնքվել էր հողի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ վարձատուն որոշակի վարձավճարի հիման վրա տնօրինել եւ տիրապետել է իր՝ 104,2 քմ տարածքը: Դրան հետեւել էր նաեւ իրավունքի պետական գրանցումը:
Այն, որ տարածքը տնօրինել է Գ.Հակոբյանը, առկա են վարձավճարի մուծման մասին տասնյակ անդորրագրեր՝ ջրամատակարարման, գույքահարկի, հողի հարկի, կոմունալ վճարների:

Հայցվոր «Արմեն-Ակոբն» ավելի ուշ հայտնվելով տարածքում, փորձել էր իր սեփականության իրավունքն օրինականացնել 0,5 հա հողամասի նկատմամբ՝ 2006թ. մարտի 16-ին, սակայն պարզվել էր, որ նրա տարածքը «ներառում է» նաեւ քաղաքապետի որոշմամբ Գագիկ Հակոբյանի անվամբ օրինական ճանաչված շինության զբաղեցրած հողամասը:

Հայցվորը 2010թ. դիմել է քաղաքապետարան, ճշտվել է նրան պատկանող հողամասի չափերը, որը վարչական դատարան ներկայացված փաստաթղթերի հետազոտման ժամանակ պարզվել է, որ 0,5 հեկտարի փոխարեն կազմում է 3923,53 քմ:
Երրորդ անձ ճանաչված կողմը հայտնում է, որ հայցվորը տեղյակ էր այս ամենին դեռեւս Երեւանի քաղաքապետի 28.04.2010թ. թիվ 1704-Ա որոշման կայացման ժամանակ, ինչը, սակայն, երբեիցե չի բողոքարկվել կամ վիճարկվել:

«Հայցվորին պատկանող հողամասի վերաբերյալ գլխավոր հատակագիծ առկա չէ, որով հնարավոր կլիներ պարզել հողամասի սահմանները եւ հստակ գտնվելու վայրը, իսկ երրորդ անձին պատկանող՝ Անդրանիկի փողոցի թիվ 50/5 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքն ամրագրված է գլխավոր հատակագծով: Այդ հանգամանքներին բազմիցս անդրադարձել է նաեւ երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի ներկայացուցիչը, այսինքն՝ հայցվորին պատկանող հողամասի սահմանները որեւէ կերպ ամրագրված չեն, հետեւապես վերջինիս եւ Գագիկ Հակոբյանին պատկանող հողամասերի համադրության վերաբերյալ որեւէ հիմնավորում հնարավոր չէ ստանալ», -«Առավոտին» ասում է բողոքաբեր կողմը:

Ուշադրություն հրավիրելով վճռին՝ բողոքաբեր թոշակառուն ասում է. «Դատարանը որպես ապացույց գնահատել է «Արմեն-Ակոբի» կողմից ներկայացված «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊ ընկերության փորձագետի 26.09.2014 թվականի թիվ 140907 եզրակացությունը, համաձայն որի՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 50/5 եւ 74 հասցեներում գտնվող ներկայացված շինությունները փաստացի համադրվում են 104,2 քմ մակերեսով։ Վճռի հիմքում դրվել է հայցվորի կողմից դատարան ներկայացված փորձագետի թիվ 140907 եզրակացությունը, որով էլ դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ Անդրանիկի փողոցի թիվ 50/5 եւ 74 հասցեներում գտնվող շինությունները, հողամասերը 104,2 քմ մակերեսով փաստացի համադրվում են»։

Իրեն տուժող համարող կողմի դիտարկմամբ, այդ եզրակացությունը ձեռք է բերվել ՀՀ վարչական դատավարության օրենքի խախտմամբ:
Նկատենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում խոսք չկա «մասնավոր փորձագետի» ինստիտուտի մասին, այս դեպքում, ինչպես կարող էր վարվել կողմերից որեւէ մեկը:

Վերաքննիչ վարչական դատարան դիմած կողմը նշել էր. «Դատական պրակտիկայում բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ հայցադիմումին կից կամ գործի դատական քննության ընթացքում կողմը դատարան է ներկայացնում նաեւ «փորձագետի եզրակացություն», որը ձեռք է բերել ինքնուրույն, առանց դատարանի որոշման: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նաեւ քննարկման առարկա դարձնել ապացույցի՝ փորձագետի եզրակացության ձեռքբերման իրավաչափությունը եւ հավաստիությունը: Արդյոք արտադատական կարգով «նշանակված» փորձագետը նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, եւ արդյոք նման նախազգուշացումը կարող է առաջացնել իրավական հետեւանքներ», ինչի մասին դատարանի վճռում անդրադարձ չկար: Այս վարչական գործով անպատասխան հարց կա:

Մասնավորապես, խոսքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասին է, համաձայն որի, փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետներ։
Հետեւաբար, անհրաժեշտ է, որ փորձագետն ունենա դատական փորձագետի որակավորում: Այս գործով փորձագիտական եզրակացություն տված անձը դատարանի կողմից չէր նշանակվել, «ընտրվել է» դատավարության կողմերից մեկի կողմից արտադատական կարգով՝ պայմանագրային հիմունքներով, առանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի պահպանման, իր դատավարական կարգավիճակով չի կարող համարվել փորձագետ: Հետեւաբար, նրա տված եզրակացությունը արդյոք օրինակա՞ն է, որտե՞ղ է կրելու պատասխանատվություն, երբ այդ մասին դատարանով չի բարձրաձայնվել:

Թոշակառուն դիմել է նաեւ ՀՀ վարչապետին, հայտնելով, որ վարչական մարմինները մի դեպքում հաստատել են, որ իրենց սեփականությունը տրվել է օրինական ճանապարհով, հիմքերով, իսկ վարչական դատարանն էլ «պաշտպանելով» Արմեն Ամիրյանի շահերը, անհիմն վճիռ է կայացրել. «Երկու տարի առաջ մարտին մահացել է ամուսինս, իմ ու դստերս ապրուստի եւ եկամտի միջոցը մեր խանութն է, որտեղ աշխատում ենք, որն էլ Արմեն Ամիրյանը փորձում է կոռումպացված դատարանների միջոցով խլել մեզնից: Կրկին անգամ խնդրում ենք ձեզ օգնել մեզ, պահպանելու մեր օրինական սեփականությունը անհարկի ոտնձգություններից»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031