Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքիր պատմություններ սահմանից

Մարտ 07,2018 12:30

Պատմում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները

Պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից,
մայոր Արթուր Օհանջանյանը

«1992-ին առաջին զորահավաքի երեխեքին բերեցին: Իրենք էլ անփորձ, 18 տարեկան տղերք էին: Վաշտի ավագ Վալերի Սիմոնյանը բոլորին շարք կանգնեցրեց ու հարցրեց. «Դուք ձեր մամային սիրո՞ւմ եք»: Բոլորը զարմացան նման հարցից, բնական է՝ ասացին «այո»: «Իսկ ձեր պապային սիրո՞ւմ եք»: Դրական պատասխանից հետո շարունակեց. «Այստեղ ձեր մաման ես եմ, իսկ պապան՝ ինքը (մատնացույց անելով ինձ): Այստեղ ամեն կենցաղային հարցով դիմում եք ինձ՝ մամային, իսկ իրեն՝ պապային, կդիմեք միայն լուրջ հարցերով»:

«Մեզ հետ մի սերժանտ կար, հենց ազատ էր լինում, թողնում-գնում էր թուրքերի դիրքերը, սրանց կոտորում, մի գերի էլ վերցնում-բերում: Ինքն իր համար գնում էր «ռազվետկի»: Շատ զգույշ էր քայլում, նույնիսկ անտառում, ուր, բնականաբար, ամեն քայլին գոնե մի տերեւի ձայն լսվում է, հենց ինքն էր քայլում, քար-լռություն էր լինում: Մի անգամ խարույկի շուրջ նստած էինք: Սերժանտն ասաց. «Առավոտյան, երբ արթնանաք, ամեն մեկիցդ մի բան գողացած եմ լինելու, չեք էլ նկատելու»: Ու գնաց-պառկեց: Դե, ասածին այնքան էլ լուրջ չվերաբերվեցինք: Առավոտյան ամեն մեկիս մոտ մի բան պակաս էր»:

Պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին կապիտան Գարիկ Գրիգորյանը

«Ծպտված նստել ենք, որ երբ թշնամին գա, կարողանանք առաջն առնել: Դրան «զասադա» են ասում: Իմ քունն այդ օրն առանձնապես շատ էր տանում: Ասացի. «Տղեր՛ք, ես մի քիչ ձեզնից հեռվանում եմ, քնեմ, էլ չեմ դիմանում»: Իրենք էլ թե՝ հա, գնա: Մի որոշ ժամանակ անց տղաներից մեկը եկավ թե՝ «Գարիկ հոպար, վեր կաց էլի»: Ես էլ վեր թռա. «Ի՞նչ ա եղել»: Ասաց. «Փիս խռացնում ես, մենք՝ ջհանդամ, թուրքերն են կանչում: Ասում են՝ ախպոր պես, Գարիկին ասեք չխռացնի էլի, մենք էլ քնենք մի քիչ: Մարդ ենք, հանգստանանք»:

«Ես, Մինասյան Աղվանը, Հսկան, Ճուտ Արմենը, Սատանա Լիպոն, Գագեի Արտակը Մարտակերտի ճանապարհն էինք հսկում: Ճանապարհից ներքեւ շիֆերներով ու գերաններով մի փոքրիկ տեղ էինք սարքել՝ քնելու համար: Տեղն այնքան նեղ էր, որ սողալով էինք մտնում ներս: Տղերքից Արտակը մի փոքր երկար էր քնել՝ խախտելով Լիպոյի հերթը: Լիպոն էլ անընդհատ գալիս ու բողոքում էր. «Արտա՛կ, վեր կաց, ես էլ քնեմ, իմ հերթն ա արդեն…»: Արտակը վեր չէր կենում: Մինչ դա մենք իջել էինք գյուղ՝ մեզ պետքական իրերը բերելու: Լիպոն դպրոցի ռազմագիտության դասարանից մի ուսուցողական նռնակ էր գտել ու հետը բերել: Արտակին արթնացնելու անհաջող փորձերից հետո Լիպոն բարկացավ.«,Արտա՛կ, վեր կաց, թե չէ՝ էս գրանատը կպայթացնեմ»: Էդ պահը գրպանից հանեց նռնակը, кольцон քաշեց ու գցեց Արտակի գիրկը: Երկուսուկես վայրկյան անց էդ քնելու տեղը Արտակի վախեցած թռիչքից բարձրացավ օդ. ինչքան շիֆեր, փայտ էինք դրել, բոլորը խառնվեցին իրար: Արտակը երկար վազում էր Լիպոյի հետեւից»:

Պատմում է Սիսիանի ջոկատի ազատամարտիկներից Մարիետա Խաչատրյանը

«Կինը մարտադաշտում կամ պիտի չլինի, կամ պիտի լինի իսկական քույր, մայր: Ես իրենց բոլորին եմ սիրել: Քարվաճառը գրավելուց հետո, երբ մենք սարի կատարին հերթապահություն էինք անում, մեր Հսկան ականի պայթյունի հետեւանքով բացված փոսի վրա քարեր էր շարել ու վրան դրել էր մի ДШК-ի ական: Այնտեղ նստած էր: Ես իրեն կանչեցի մեզ մոտ, ու այդ պահին ականանետով կրակեցին Հսկայի սարքած «խրամատի» վրա: Ու այդպես փրկվեց Հսկայի կյանքը, քանի որ եթե նա այնտեղ լիներ, հաստատ ողջ չէր մնա»:

Պատմում է Սիսիանի ջոկատի ազատամարտիկներից Վարդան Ղալումյանը

«92 թիվն էր: Լաչինի միջանցքում նստած էինք: Վերադասի հրամանով իջանք քաղաք, ես գտա իրենց դպրոցը ու մտա ինձ համար ամենահետաքրքիր տեղը՝ լաբորատորիա:

Այնտեղից մի մեծ մոմե խնձոր գտա ու մի մեծ գազար: Էդ երկուսը վերցրի, թաքցրի վերարկուիս մեջ ու դուրս եկա: Ճանապարհին Փաշան (մեր սնայպերն էր, տարիքով ամենամեծը) դուրս եկավ դիմացս: Ես խնձորն ու գազարը ավելի խորը պահեցի բաճկոնիս մեջ.
-Վարդան ջան, Փաշան քեզի ղուրբան ըլի, ո՞ւր տես ի կալ:
-Փաշա ջան, վերեւում մի դպրոց կա, մեջը ման էի գալիս:
-Բա էդ ձեռդ ի՞նչ ես թաքցրել:
-Բան չէ, Փաշա ջան, ձեռիս մի հատ խնձոր կա…
-Էդ քեզ հո՞ւստ:
-Ծառի վրից եմ քաղել, ասեցի՝ տանեմ տղերքն ուտեն էլի:
-Վարդան ջան, Փաշան քեզի ղուրբան ըլի, բեր մէ բերան կծեմ էլի:
-Չէ՛, Փաշա ջան, 70 հոգի մարդ ենք: Պիտի տանեմ, հավասար կիսեմ, որ սաղս ուտենք էլի, ուզո՞ւմ ես, քանի մարդ չկա, մի գազար էլ եմ գտել, տամ՝ կծի: – Ու մոտիկ բերեցի մոմե գազարը:

Փաշայի ատամները պրոթեզավորված էին: Բերանը մոտիկ բերեց, էս գազարի կեսից ավելին կծեց: Ես թողեցի ու փախա տղերքի մոտ: Փաշան եկավ՝ էդ գազարը բերանը, չի կարողանում բերանից հանել. հենց քաշում ա, ատամներն էլ հետն են դուրս գալիս: Մի որոշ ժամանակ հետո էդ գազարը մի կերպ հանեցինք բերանից, բայց էդ մոմը դեռ ատամների հետեւին էր մնացել: Մոմը քերելիս Փաշան ասաց.
-Էն լակոտն ո՞ւր ա:
-Ստեղ եմ, Փաշա ջան:- Վախեցած ասացի ես:
-Սըպանելու եմ ես քեզի…»:

ՇՈՒՇԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

06.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031