Ըստ իրանագետ Աննա Դավթյան-Գեւորգյանի՝ Իրանը կարեւորում է Եվրոպայի հետ կապող ուղիների դիվերսիֆիկացիան, եւ «եթե հաջողություններ չենք գրանցում, դրա պատճառը մյուս ուղիների առկայությունը չէ, այլ մերի բացակայությունը»:
– Փետրվարի 27-ին Երեւանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը: Պաշտոնական Երեւանը վստահեցնում է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, միաժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հենց այդ նիստի շրջանակներում նշեց, որ հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում: Հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակն ինչպե՞ս եք գնահատում:
– Հայ-իրանական քաղաքական հարաբերություններն իսկապես գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկու երկրների փոխհարաբերություններում գրեթե չկան կնճռոտ հարցեր, ծագած կամ ծագող խնդիրները, որպես կանոն, լուծվում են դրանք չբարդացնելու, հնարավորինս արագ չեզոքացնելու երկուստեք պատրաստակամությամբ։ Միաժամանակ, սակայն, ե՛ւ հայկական, ե՛ւ իրանական կողմի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ շեշտում են այն հանգամանքը, որ ի տարբերություն հայ-իրանական քաղաքական հարաբերությունների՝ մյուս ոլորտներում եղած փոխգործակցությունը ձեւով նույնքան գոհացուցիչ է, բայց բովանդակությամբ լուրջ կաղում է։ Այս հանգամանքի համար, ինչպես ցանկացած խնդրի համար, կան մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառների առյուծի բաժինը կապված է այն իրողության հետ, որ Իրանի հետ լայնամասշտաբ, բազմապիսի հարաբերությունների խորացման համար նպաստավոր պայմանների առկայությունը այնքան էլ երկար պատմություն չունի. խոսքը, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների մասին է, իսկ դրանց համար համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվել են միայն Միջուկային ծրագրի կնքումից հետո Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մի մասի չեղարկումից հետո։ Սուբյեկտիվ խնդիրները մեծապես կապված են մեր տնտեսության վիճակի հետ, չհաղթահարված կոռուպցիոն ռիսկերի, մասնավորի հանդեպ պետական շահի գերակայության գիտակցման ոչ համատարած լինելու խնդիրների հետ:
– Հայաստանի եւ Իրանի պաշտոնյաները կարեւորում են «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու դերը, Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը՝ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի համագործակցության կարեւոր ոլորտներից է համարվում միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցմանը իրանական կողմի հնարավոր մասնակցությունը: Այս ուղղություններով, Ձեր կարծիքով, կա՞ն իրապես առաջընթացի հասնելու իրական հնարավորություններ:
– Իսկապես, ե՛ւ «Մեղրի» ՀԷԿ-ի, ե՛ւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը, ե՛ւ Հայաստան-Իրան պետական սահմանի անցակետի արդիականացման ծրագիրը կարեւոր կանգառներ են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումն ապահովող «ճանապարհի» համար։ Եթե դատելու լինենք պաշտոնյաների հայտարարություններով ու ստորագրված հուշագրերով ու պայմանագրերով, ապա դրանց իրագործումն, իհարկե, իրականություն դառնալու մեծ պոտենցիալ ունի։ Խնդիրն այն է, սակայն, որ, ցավոք, հաճախ այդպիսի պոտենցիալի շոշափելի արդյունքների մասին լավատեսական մոտեցումների համար կատարված աշխատանքը բավարար չէ։ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքը, օրինակ՝ պարզ է, չէ՞, որ կրկնակի ավելի բարդ է լինելու համոզել իրանցիներին կառուցել հարավային հատվածը, երբ հյուսիսայինը կառուցելիս այդ աստիճան ետ ենք մնում նախանշված ժամկետներից։
Այս ճանապարհն իսկապես շատ կարեւոր է նաեւ Իրանի համար։ Սեւ ծովից դեպի Իրան մուլտիմոդալ փոխադրումների՝ Հայաստանով անցնող ճանապարհը ցույց է տվել իր արդյունավետությունը, բայց յուրաքանչյուր ծրագիր իրագործելիս մեր ցուցաբերած պարտաճանաչությունն ու պատասխանատվության բարձր մակարդակը ավելացնելու են այդ ճանապարհից օգտվելու Իրանի շարժառիթները, եւ հակառակը։ Ես հակված եմ այն տեսակետին, որ բոլոր ձեր նշած ծրագրերը իրականություն դառնալու մեծ ռեսուրս ունեն, բայց մեր ուժերը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու դիվանագիտական, պետք է մաքսիմալ լարումով ու նվիրվածությամբ աշխատեն այդ՝ պետության համար կարեւոր նախաձեռնությունների իրականացման համար։
– Վերջերս ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ուշագրավ մի քանի ուղերձներով հանդես եկավ: Իրանից գազի ներկրման ծավալների հնարավոր մեծացմանն անդրադառնալով՝ նա նշեց. «Պատրաստ ենք հարմար գներով գազը նաեւ վաճառել Հայաստանին»: Անդրադառնալով հարցին, թե ինչու հունվարի վերջին Մեղրիի ՀԷԿ-ը չգործարկվեց, դեսպանը նշեց. «Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»: Իսկ Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մարտին նախատեսվելիք Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի հնարավոր գործարկումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեռեւս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես էր արձագանքել. «Դուք ապրում եւ սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարեւան երկրում ինչ են անում եւ ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ իրանական կողմը որոշակիորեն բավարարված չէ ՀՀ իշխանությունների քայլերից: Օրինակ՝ հիշեցնեմ, որ հունվարի կեսերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն անդրադառնալով՝ նշեց, որ դրա «կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի»:
– Իրան-Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս հաճախ ենք անդրադառնում Իրան-Ադրբեջան հարաբերություններին նաեւ ու սովորաբար մեկը մյուսով պայմանավորում: Բայց Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է ոչ թե ի հեճուկս կամ ի վնաս մյուս պետության, այլ փորձելով լավ ու բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ։ Այս հարաբերությունները տարբեր հաջողություններ են գրանցում, բայց հարաբերություններում եղած խնդիրներն էլ համեմատական չեն։ Ադրբեջանի հետ ոչ միայն ճանապարհային ու երկաթգծի, այլ նաեւ ծովային կապ ունի Իրանը, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով կապերի ամրապնդումը Իրանի համար այլեւս արդիական չէ։ Իրանի դեսպանի խոսքը սեփական տան մասին մտածելու եւ հարեւանի տան մասին շատ չխոսելու վերաբերյալ նույն խնդիրն է բարձրացնում։ Հեշտ է այսպիսի խոսույթը միշտ արդիական պահել ու ձախողումների մեջ էլ հետո մեղադրել «հարեւանի» տանից եկած նախաձեռնություններն ու քաղաքականությունը։ Բոլոր ոլորտներում եղած հապաղումների ու դանդաղումների համար պատասխանատու ենք ինքներս. Իրանը բազմիցս է ապացուցել, որ կարեւորում է Եվրոպայի հետ կապող ուղիների դիվերսիֆիկացիան, եւ այստեղ եթե հաջողություններ չենք գրանցում, դրա պատճառը մյուս ուղիների առկայությունը չէ, այլ մերի բացակայությունը։
– Փետրվարի 8-ին առաջին փորձնական գնացքը Ռուսաստանից հասավ Իրան` Աստարա-Աստարա ենթակառույցի միջոցով, որը միավորում է Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղիները: Իրանցիները Ռուսաստան կհասնեն Ադրբեջանի միջով, մարտից այդ երկաթուղին կգործարկվի: Իրանական գործակալությունները վստահեցնում են, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը շահագրգռված են երկաթուղին հնարավորինս շուտ շահագործման հանձնել, եւ արդեն իսկ մի շարք երկրներ հետաքրքրված են նշյալ գծով բեռնափոխադրումներ կատարելու համար: Ըստ էության ինտեգրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային համակարգերը: Իրանի երկաթուղու միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբբաս Նազարին նշել էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն արդեն տեղեկացված են եռակողմ երկաթուղային հավակնոտ ծրագրի մասին, եւ որ եվրոպական երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Աստարա-Աստարա երկաթուղային միջանցքի նկատմամբ, որի միջոցով իրենց ապրանքները կարող են հասցնել Պարսից ծոց ու Հնդկաստան: Պաշտոնական Թեհրանը բազմիցս բարձրաձայնել էր Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող միջանցքի ստեղծման գաղափարի մասին, որի գործարկումը կարող էր կայանալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մասնակցությամբ: Ձեր տպավորությամբ՝ Հայաստանի կողմից բավարար աշխատանք տարվե՞ց այս գաղափարին միանալու նպատակով:
– Դժվար է աշխատանքը բավարար գնահատել այս զարգացումների ֆոնին, երբ, ըստ էության, բոլոր խոշոր կոմունիկացիոն ծրագրերը շրջանցում են մեր երկիրը։ Բայց մյուս կողմից՝ մեր մասնակցությամբ ծրագրերը ոչ այնքան այլընտրանքային, որքան Իրան-Եվրոպա կապի դիվերսիֆիկացիան ապահովող ծրագրեր են, եւ դրանց իրագործումը դեռեւս չի կարելի ձախողված համարել։ Այ այստեղ դեռ զգալի աշխատանք ունենք տանելու։ Վերջին տարում բավական ակտիվ է եղել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների դինամիկան, այդ պատճառով հոռետեսական եզրակացությունների համար դեռեւս վաղ է. այդ հանդիպումների արդյունքները պիտի որ տեսանելի լինեն մոտ ապագայում։ Բացի այդ, ոչ միայն Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ծրագրերում, այլ նաեւ չինական «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնության գոյությունն ու ԵՄ-ի հետ մեր երկրի ստորագրած պայմանագիրը հավելյալ հնարավորություններ են բացում մեր երկրի՝ այս բոլոր ծրագրերում կարեւոր օղակ դառնալու համար։ Կարեւոր այդ օղակի նշանակությունը արժեւորելու, ինչպես նաեւ սեփական նախաձեռնություններով հանդես գալու կարեւորությունը հաշվի առնելով՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ն, օրինակ, մի շարք հանդիպումներ է ձեռնարկել ե՛ւ չինական, ե՛ւ իրանական կողմի հետ. հուսանք, որ մեր պետության շահերից բխող այդ նախաձեռնությունները կկարողանան սպասված արդյունքն ապահովել։
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս ընդունել էր Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթեմիին եւ համոզմունք էր հայտնել, որ նրա այցը լավ հնարավորություն կդառնա ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը եւ հեռանկարները քննարկելու համար: Լրատվամիջոցները հայտնում էին, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանը: Պաշտոնական Թեհրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել ԼՂ խնդրի առնչությամբ՝ հանդես գալով կայունության պահպանման օգտին: Հիմա իրանա-ադրբեջանական հարաբերություններում նոր մակարդակի համագործակցության հնարավորությունների մասին է խոսքը: Դա չի՞ խոչընդոտի Իրան-Հայաստան ներկայիս հարաբերություններին:
– Իրան-Ադրբեջան ռազմական հարաբերությունների նոր մակարդակի մասին հայտարարություններն ու գործնական քայլերը նախեւառաջ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վերահսկման ու դրանց հետագա ընդլայնումը կանխելու նպատակ են հանդիպում։ Իրանը իր ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր է համարում ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության խորացումը եւ տարբեր լծակների միջոցով՝ եւ դիվանագիտական, եւ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման կիրառմամբ, փորձելու է չեզոքացնել այդ հնարավորությունները։ Եթե այս համագործակցությունը այս համատեքստում ենք նայում, ապա այն չի կարող վնասել մեր հարաբերություններին, հատկապես, որ պայմանավորված մի շարք հանգամանքներով՝ ՀԱՊԿ անդամակցություն, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ, մենք ունենք սահմանափակ հնարավորություններ զարգացնելու հայ-իրանական ռազմական հարաբերությունները։ Ավելի ճիշտ ձեւակերպմամբ՝ այդ հարաբերությունների խորացման համար վճարվելիք գինը դեռեւս չի բխում մեր շահերից։ Իսկ Իրանը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելիս առաջնորդվում է իր երկրի ազգային անվտանգության շահերով, եւ այսօր այդ շահերը հակադիր չեն մեր շահերին։
– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ամոթալի է համարում, նրա կարծիքով՝ «այդ գործարքը հնարավորություն է տալիս Իրանին գաղտնի զարգացնել միջուկային ծրագիրը»: ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարված հարաբերությունները՝ Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման ֆոնին, ինչպե՞ս կանդրադառնան Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, պաշտոնական Երեւանն ինչպե՞ս պետք է դրսեւորի իրեն հարեւան երկրի հետ իր հարաբերություններում:
– Ոչ միայն Դոնալդ Թրամփի ելույթներում, այլ նաեւ նրա կողմից ներկայացված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսվում է Իրանի հանդեպ շատ կոշտ դիրքորոշման մասին։ Բայց պետք է հիշել, որ անգամ միջուկային ծրագրի կնքումից առաջ, երբ Իրանը տարատեսակ պատժամիջոցների բեռի տակ էր, ԱՄՆ-ի կողմից կար հստակ գիտակցում, որ ՀՀ-ից հնարավոր չէ պահանջել Իրանի հետ հարաբերությունների այլ որակ ու մակարդակ, քան բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակն է։ Նոր լարվածությունն Իրան-ԱՄՆ հարաբերություններում, իհարկե, չի կարող չանդրադառնալ առհասարակ Իրանի արտաքին քաղաքականության վրա, բայց դա ավելի շուտ պայմանավորված կլինի Իրանի տնտեսական ձեռքի սեղմվող կապանքներով, քան այն հանգամանքով, որ ՀՀ-ին կպարտադրեն որոշակի ետքայլ կատարել իր հարավային հարեւանի հետ եղած հարաբերություններում։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 06.03.2018