Դիլիջանի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը 2017թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում իր հարազատ եղբոր` 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանի հետ, «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից:
«ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչեւ այժմ չեն կարողացել պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառման համարանիշներ,վարորդ Ազատ Բաղդասարյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ա. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Բաղդասարյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը միջնորդությունը բավարարել է: Դատարանը Ա.Բաղդասարյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում կատարածի արարքի համար, տուժողն ամբաստանյալի հարազատ եղբայրն է:
2018թ. փետրվարի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Բաղդասարյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել մեկ տարի ժամկետով ազատազրկման, ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված հիմնական պատիժը ժամանակավորապես չկիրառել`փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ