Քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր նրա պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը նախագահող դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ դատարանը խախտումներ է թույլ տվել, մասնավորապես, վկա Եղիշե Պետրոսյանին դատարան է հրավիրել, բայց մի քանի ժամ սպասեցնելուց հետո առանց նրան հարցաքննելու ճանապարհել:
Կարեն Մեժլումյանը նաեւ հիշեցրեց, որ դատարանը երկու անգամ մերժել է Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով կալանքը որպես խափանման միջոց։
«Դատարանը գրավի կիրառման մերժումը պատճառաբանել է, որ Ղուկասյանը մեղադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կարծես նման մեղադրանքի դեպքում մարդը պիտի լինի կալանքի մեջ։ Ինչպես նաեւ այն հավանականությամբ, որ անձը կարող է ազատության մեջ ազդել վկաների վրա եւ գործի քննությանը խոչընդոտել»,- ասաց փաստաբանը։
Նա նաեւ հիշեցրեց, որ դատարանում 51 վկաներից հարցաքննվել է 17-ը, իսկ փետրվարի 27-ի նիստին մեղադրողը հրաժարվել է մնացած վկաներին հարցաքննել՝ բացատրելով, որ հարցաքննվածները բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար. «Տուժողներից մեկն օրինակ նշել է, որ դեպքի օրը իր մեքենան վնասվել է, չորս տուժողները բժիշկներն են, ովքեր պատանդ են պահվել ՊՊԾ գնդում գտնվող Սասնա ծռերի անդամների հետ եւ ցուցմունքներն էլ եղել են ՊՊԾ գնդում կատարվածի մասին։ Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդում չի եղել։ Իսկ մնացած տուժողները ոստիկանության աշխատակիցներ են»:
Փաստաբանը կրկին միջնորդեց խափանման միջոցը փոխել գրավի դիմաց, այս միջնորդության վերաբերյալ որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ