Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով դեղերը դեղատոմսով բաց թողնելու կառավարության որոշմանն ասաց. «Խնդրում եմ, ուշադիր եղեք, արդեն ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում տալիս են»:
Վարչապետն արձագանքեց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի ներկայացրած որոշման նախագծին, որով նախարարությունը խնդրում էր հավանություն տալ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու՝ ներառյալ էլեկտրոնային եղանակով կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություն կատարելու գործողությունը մասնակի կասեցնելու մասին նախագծին»:
Պարոն Մարգարյանն առաջարկում էր մասամբ հետաձգել մարտի 1-ից ուժի մեջ մտած որոշումը. «Առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց, որի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը»:
Այսինքն` պարոն Մարգարյանն առաջարկեց մարտի 1-ից դեղատոմսով բաց թողնել առավել ռիսկային՝ հոգեմետ դեղերը, հակաբիոտիկները, իսկ հաջորդ փուլով, հուլիսի 1-ից պարտադիր պահանջը տարածել բոլոր ներարկվող դեղերի վրա:
Ըստ պարոն Մարգարյանի արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ