Սևանցի ֆուտբոլասերներին և պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողներին, այս մարզաձևով հետաքրքրվողներին սպասվում է հաճելի և երկար սպասված իրադարձություն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզային ենթակառուցվածքների ծրագրով նախատեսվում է Սևանում կառուցել ֆուտբոլի դպրոց:
Օրերս Սևան էին այցելել ՀՖՖ- ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ֆուտբոլի դպրոցի նախագծա- նախահաշվային խմբի շինարարական կազմակերպության ղեկավարները: Նրանք Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին ապագա ֆուտբոլի դպրոցի տարածք, որը գտնվում է քաղաքային զբոսայգու հարևանությամբ:
Նախնական պայմանավորվածության համաձայն` ֆուտբոլի դպրոցին անհրաժեշտ կառույցի շինարարությունը պետք է կատարվեր համայնքի կողմից, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան արհեստական խոտածածկով խաղադաշտի կառուցումը պետք է ապահովեր:
Հաշվի առնելով համայնքի բյուջեի ներկա վիճակը, Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունները` ՀՖՖ- ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` դպրոցի շինարարական աշխատանքները կատարվելու են ֆեդերացիայի կողմից: Ֆուտբոլի մասնաշենքը կունենա երեք հանդերձարան, 300-400 տեղանոց տրիբունա, հնարավոր է նաև երկրորդ խաղադաշտի կառուցում: Կառույցը սնուցվելու է արևային էներգիայով:
Դպրոցի շինարարությանը զուգահեռ կբարեկարգվի քաղաքային այգու տարածքը, որը ներառում է մի շարք աշխատանքներ` ճեմուղու կառուցում, այգու մուտքի կամարի վերականգնում, պարսպապատում, հասարակական զուգարանի կառուցում:
Ֆուտբոլի դպրոցի գործունեությունը, որի սկիզբը նախատեսվում է այս տարվա ամռանը, մարզական կյանքում բերելու է մի նոր ալիք ` ֆուտբոլային հաջողություններով և նոր առաջնություններով:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի աշխատանքների առանցքում նաև սպորտի մասսայականացմանն ուղղված ծրագրերն են, սպորտը մարզադպրոցի պատերից դուրս բերելը և բոլորին հասանելի դարձնելը:
Սևանում կառուցվող ֆուտբոլի դպրոցն էլ ոչ միայն համայնքի և ֆուտբոլի ֆեդերացիայի արդյունավետ համագործակցության վավերագիրն է, այլ նաև լավագույն նվեր սևանցիներին և տարածաշրջանի ֆուտբոլասերներին , ֆուտբոլն իրենց առօրյայի անբաժանելի մասը համարողներին, միաժամանակ լուրջ հայտ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողներին:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ