Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մտահոգված է՝ Սիրիայում առկա լարվածությունը շարժվում է Լիբանանի ուղղությամբ: Ըստ նրա՝ ամբողջ տարածաշրջանը նստած է «հրաբուխի» վրա:
« Լարվածություն կա Լիբանանի թե ներսում, թե դրսում: Լիբանանում հայտնաբերված նավթի պաշարների շուրջ մեծ պայքար է սկսվել բիզնես և քաղաքական շրջանակների միջև: Սա կարող է հանգեցնել մուսուլմանական 2 ուժերի բախման, որն ավելի վտանգավոր է, քան մուսուլմանական և քրիստոնեական բախումը»,- այսօր «Հայելի ակումբում» ասաց Արման Նավասարդյանը:
Նրա տեղեկություններով, Լիբանանում ապրում է 40-45 000 հայ՝ չնայած պաշտոնական 150 000 տվյալին:
«Լիբանանում հայերի թիվը գնալով պակասում է: Լիբանանահայ համայնքը ամենամեծ համայնքներից է եղել, այն անվանել են երկրորդ Հայաստան: Եթե Լիբանանում պատերազմ սկսվի, հայերը կանգնելու են լուրջ վտանգի առջև»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով, հայ Համայնքում լուրջ խնդիր է դարձել նաեւ մահմեդականների հետ ամուսնությունների թիվը, որը բավականին մեծ թիվ է ու հայերի ուծացման մեծ վտանգ:
Լիբանանում պատերազմ լինել-չլինելու հարցը դեսպանը պայմանավորում է մեծ քաղաքականությամբ: «Իսրայելն ու ԱՄՆ-ն ունեն հակաիրանական տրամադրություններ: Հնարավոր է՝ նրանք բացահայտ չպատերազմեն Իրանի դեմ, բայց պատերազմի մեջ ներքաշեն այն ուժերին, որոնք Իրանի հովանավորության տակ են: Դրանցից մեկը լիբանանյան «Հզբոլլահն» է՝ «ինչպես ասում են՝ պետություն՝ պետության մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ