Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղատոմսով դեղերի դուրս գրումը չի կասեցվում. գործընթացը մեկնարկելուց հետո է նախարարը որոշման նախագիծ ներկայացնում

Մարտ 06,2018 16:51

Դեղատոմսով դեղերի դուրս գրման կարգի մասին որոշումը կասեցնելու մասին այսօր կառավարությանը ներկայացվող առաջարկությունը տարընթերցման տեղիք է տվել:

Ավելի վաղ գրել էինք, որ առողջապահության նախարարն այսօր կառավարության հաստատմանը կներկայացնի որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է կասեցնել մարտի 1-ին ուժի մեջ մտած իր իսկ ներկայացրած որոշման նախագիծը՝ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը»:

Aravot.am-ը նախարարության լրատվական ծառայությանը խնդրեց պարզաբանել, թե կասեցումն ինչին է վերաբերում: Ըստ նախարարության պարզաբանման, կասեցվում է նախկին կարգը, ըստ որի պարտադիր էր դեղատոմսով ձեռք բերել բոլոր 3500 դեղերը: Տարընթերցման տեղիք տված այսօրվա որոշման նախագծով, ինչպես տեղեկացրեցին նախարարությունից, առաջարկվում է պարտադիր դեղատոմսով 3500 դեղերի դուրս գրման ընթացակարգը փուլ առ փուլ իրականացնել:

«Այս որոշումը տեխնիկական պատճառներով չենք հասցրել ներկայացնել կառավարությանը, ուստի գործընթացը սկսվել է մարտի 1-ից, այսօր էլ փուլային իրականացնելու մասին որոշման նախագիծն է ներկայացվելու»:

Որոշման նախագծում գրված է՝ «Կասեցնել ՀՀ կառավարության 2017-ի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի»:

Խոսքը այն որոշման մասին է, որը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախորդ նիստին պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց կառավարության որոշմա՞ն է իրականացնում փուլային գործընթացը, պատասխանել էր՝ «Այո, որոշումը մշակվում է եւ կընդունվի կառավարության մյուս նիստի ընթացքում: Եվ, այո, այդ պրոցեսն ինձ գոհացնում է»:

Այսինքն՝ մարտի 1-ից սկսվել են որոշ խմբի դեղեր բացառապես դեղատոմսով վաճառել, սակայն սրա մասին որոշումը նախարար Ալթունյանն այսօր է ներկայացնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031