ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մարտի 6-ին կայացած ասուլիսում ասաց, որ նախապատրաստվում է մի ֆիլմ, որի մասին կտեղեկացվի հաջորդիվ:
«Խոսքը Կիլիկիո թագավորության վերականգնման եւ Լեւոն Երկրորդ թագավորի մասին է: Սա աուդիո-վիզուալ ֆիլմի, թերեւս առաջին տարբերակն է Հայաստանում: Մեր պատկերացումների մեջ է այն բիզնես-մոդելը, որը կոչվում է աուդիո-վիզուալ քաղաքի ստեղծում: Դա բավականին հետաքրքիր բիզնես նախագիծ է` կինոարտադրության ոլորտում: Մենք հաշվարկել ենք, որ Հայաստանի լավագույն մասնագետների ամենագործուն ուժերը ՏՏ ոլորտում են, որտեղ Հայաստանն առաջատար է: Մենք ունենք Թումո կենտրոնը, որն այս տարի շրջանավարտներ է տալիս, եւ պետք է զարգացնել այդ կենտրոնի շրջանավարտների գիտելիքներն ու կարողությունները անիմացիայի բնագավառում: Մեր նպատակներից է ներդրումների միջոցով ստեղծել աուդիո-վիզուալ քաղաք, որտեղ կհամախմբեն այն բոլոր ընկերությունները, որոնք արդեն հոլիվուդյան, արտասահմանյան ֆիլմերի համար պատրաստում են վիզուալ էֆեկտներ: Դուք շատ ֆիլմերում տեսել եք այդ էֆեկտները, բայց երեւի չգիտեք, որ դրանք Հայաստանում են ստեղծվում: Մեր նպատակն է բոլոր այդ կազմակերպություններին միավորել մեկ քաղաքի մեջ եւ միասնական կերպով ներկայանալ աշխարհին ու փորձել արտասահմանյան պատվերները իրականացնել Հայաստանում»,- հայտնեց նախարարը:
Ապա հավելեց. «Իսկ ինչ վերաբերում է Կիլիկո թագավորության վերազարթոնքի մասին նախագծին, մենք աշխատում ենք դրա վրա արտադրող կազմակերպության հետ, համապատասխան ֆինանսավորում գտնելու դեպքում կհայտարարենք նաեւ ֆիլմի շարունակության մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ