«Մեծ ցանկ կարելի է ներկայացնել երկրների, որտեղ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվում: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են: Չեմ կարծում, որ Եվրոպայի խորհրդին կհանդգնեք մեղադրել պակաս ժողովրդավարական լինելու մեջ»,-ԱԺ-ում այսօր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի (կառավարության նիստերը դռնփակ պետք է անցկացվեն) քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի անհամաձայնությանն այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա եւս կողմ է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն:
Կոստանյանը վստահեցրեց. «Ժողովրդավարության խնդիր չկա, ԵԽ շատ հանձնաժողովների նիստերը դռնփակ են: Դռնբաց է բացառապես պառլամենտական վեհաժողովի նիստը»: Գեւորգ Կոստանյանը նշեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը կամայականություն չէ. «Մեկ այլ երկրի օրինակը չէ վեճի առարկան, այլ սկզբունքը: Այդ սկզբունքը մենք վերցրել ենք՝ աչքի տակ ունենալով Եվրոպայի խորհուրդը: Արարատ Միրզոյանը կդժվարանա բերել մի հեղինակավոր միջազգային կազմակերպության օրինակ, որի դեպքում գործադիր մարմնի նիստերը դռնբաց են: Սա անվիճելի է»:
Պատասխանելով Միրզոյանի մեկ այլ դիտարկմանը, թե նոր Սահմանադրությամբ վարչապետին անհամեմատ մեծ լիազորություններ են տրվում, Կոստանյանը նկատեց. «Ասում են, թե «սուպերվարչապետի» պաշտոն ենք հիմնում, բայց ասեմ, որ վարչապետին տրվող իրավունքները համամասնական են պարտավորությունների հետ: Վարչապետը քաղաքական պատասխանատվություն է ստանձնելու, օրինակ, ազգային անվտանգության եւ ոստիկանության համակարգերի առաջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ