«Հեռուստատեսությունն ազգ-բանակին առնչվող թեմաներով ավելի միագիծ տեղեկատվական քաղաքականություն է վարել, իսկ օնլայն մեդիայում կարծիքների բազմազանությունն ավելի մեծ է եղել»,-հայտարարեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Տեղեկացնենք՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը 2017-ի հոկտեմբերի 10-ից 2018-ի հունվարի 10-ն իրականացրել է «Ազգ-բանակ հայեցակարգի հայաստանյան մեդիադիսկուրսը-2017» հետազոտությունը:
Հետազոտվել են հայաստանյան 5 օնլայն ԶԼՄ-ների (1in.am, News.am, Aravot.am, 168.am, Tert.am) եւ 5 հեռուստաընկերությունների (Հանրային, Արմենիա, Կենտրոն, Երկիր մեդիա, Շանթ) 2017 թ. հոկտեմբերի 10-ից 2018 թ. հունվարի 10 ընթացքում հրապարակված/եթեր հեռարձակված բանակի թեմայով նյութերը։
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց. «Բանակի թեմայով նյութեր այս ընթացքում ամենից շատ արտադրել է 1in.am-ը: Օնլայն լրատվամիջոցներից news.am-ը օրական մինչև 36 նյութ, aravot.am-ը օրական մինչև 31 նյութ: Հեռուստաընկերություններից բոլորից քիչ անդրադարձել է բանակի թեմային Կենտրոն հեռուստաընկերությունը, ամենից շատ՝ Շանթ, Հ1 հեռուստաընկերությունները: Ընդհանրապես հեռուստաընկերություններն ինտերնետային տիրույթներն ակտիվորեն չեն օգտագործում. բավարարվում են հեռարձակումներով:»:
Լաուրա Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ ազգ-բանակ հայեցակարգի խնդիրների թեմայով բոլոր նյութերի 62 տոկոսն օնլայն ԶԼՄ-ներում է եղել, 65 տոկոսը՝ հեռուստահաղորդումների ընթացքում:
Անդրադառնալով իրենց ընտրած ժամանակահատվածին՝ տիկին Բաղդասարյանն ասաց. «Բանակի թեմայի ինտենսիվացումն աննախադեպ էր և համեմատելի 2016-ի ապրիլին հաջորդած երեք ամիսներին հետ: Հենց սրա հիմնական դրդապատճառը եղել է ազգ- բանակ հայեցակարգի քննարկումները»:
Անդրադառնալով օնլայն լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների՝ բովանդակային առանձնահատկություններին՝ Լաուրա Բաղդասարյանն ասաց. «1in.am-ում ավելի քիչ դրական, քան բացասական հրապարակումներ կան այս թեմայով, news.am-ում ավելի շատ դրական, քան բացասական, Aravot.am-ն ավելի համաչափ է լուսաբանել՝ որքան դրական, նույնքան բացասական: Հեռուստաեթերում հիմնականում ավելի շատ դրական կարծիքներ են հնչել, քան բացասական, «Կենտրոնում» մոտավորապես համաչափ, «Երկիր Մեդիայում» ևս համեմատելի հարաբերակցություն է, «Շանթում» ավելի շատ դրական, քան բացասական»:
Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ իրենց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բանակի թեմաներով նյութերի արձագանքները, կարդացվածության աստիճանը, հավանումներն ու տարածումը մնացել են տվյալ ԶԼՄ-ներին բնորոշ տիրույթներում. «Հիմնականում այդ նյութերը մեծ կարդացվածության ցուցանիշներով չեն դրսևորվում՝ նույնիսկ տարկետման իրավունքի վերացման ժամանակ ակտիվ գործընթացների թեմաներով քննարկումների վերաբերվող նյութերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի