Խորհրդարանի արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ դրույթների, ամրագրվում է, որ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, ասել է թե՝ առանց լրագրողների ներկայության: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որը պաշտպանում է նախագիծը, հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Ի սեր Աստծո, մի ասեք, թե դա ժողովրդավարության համար է: Այդ դեպքում եկեք ԱԺ նիստերն էլ դռնփակ դարձնենք: Ի վերջո, ո՞րն է սրա նպատակը»,-հարցադրում արեց Մանե Թանդիլյանը:
Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ կառավարության աշխատանքի պարագայում նիստերի դռնփակ անցկացումը ժողովրդավարական տարր է դիտվում. «Իսկ ԱԺ-ի պարագայում այն կդիտվեր որպես հակաժողովրդական տարր»: Մանե Թանդիլյանը չհամաձայնեց. «Դա հետընթաց է. թափանցիկ կառավարության մասին ենք խոսում, բայց հետընթաց ենք գրանցում՝ սահմանափակելով ԶԼՄ-ների ներկայությունը կառավարությունում»:
Դավիթ Հարությունյանն իր հերթին չհամաձայնեց. «Դռնփակ նիստերը որոշ երկրներում օրենքով են ամրագրված»: Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Դավիթ Հարությունյանի բացատրությունները չեն բավարարում եւ ընդունելի չեն: Կարող եք Ֆրանսիայի եւ Շվեդիայի օրինակներն էլ բերել, որոնք անցել են շատ վտանգների միջով: Իսկ մեր պարագայում կոռուպցիայի վտանգ կա, ամեն ինչ չէ, որ կարող ենք կրկնօրինակել ժողովրդավարությամբ կայացած երկրներից»:
Հարությունյանը պատասխանեց Միրզոյանին. «Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր դաշինքի նիստերն ինչերի կվերածվեն…Եթե տեսախցիկի տակ հայտնվեք, ավելի սահմանափակ կլինեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ