Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից եւ Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանից մեկնաբանություն խնդրեց «Հետքում» հրապարակված հոդվածի վերաբերյալ, որի մասին տեւական ժամանակ ձեռնպահ էին մնում խոսել:
Խնդրեցինք, ի վերջո, ներկայացնել Կաննի կինոշուկային Հայաստանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը, եւ թե ինչպես է դա անդրադարձել Հայաստանի ու այստեղ ստեղծվող կինոյի վրա:
Մշակույթի նախարարն ասաց, որ հոդվածում չափազանցված է ամեն ինչ, Կաննի կինոշուկայի Հայաստանի տաղավարում եղել են բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ ու ունեն արդյունքներ:
Արսեն Բաղդասարյանն էլ հավելեց. «Դա համագործակցելու հնարավորություն էր: Հանդիպումներ են եղել 2-3 արտադրող կազմակերպությունների հետ, որոնք արդեն եկել են Հայաստան եւ նկարահանել նախագծեր, պատրաստվում են ներքին արտադրողների հետ եւս համագործակցել այլ նախագծում: Հայաստանի համար դա մի նոր հնարավորություն էր, շատ լավ է, որ Կաննում Հայաստանը ներկա էր եւ ակտիվ էր»: Նա նաեւ խոստացավ, որ արդյունքներն ավելի տեսանելի կլինեն եկող տարի:
Արմեն Ամիրյանն էլ նշեց, թե ձեռք բերված կապերն անդրադառնալու են եւ ուսուցման, եւ ֆիլմարտադրության ծրագրերի վրա: Նախարարը հավելեց. «Այս տարի եւս Հայաստանը Կաննի կինոշուկային մասնակցելու է ներկայանալի ձեւաչափով, ներկայացնելու ենք նաեւ տուրիզմի հատվածը, որովհետեւ ֆիլմը եւ տուրիզմը փոխկապակցված են: Հայաստանը ներկայացնելու ենք որպես ֆիլմարտադրության համար լավագույն վայր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ