Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին:
Նույն օրը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Արցախի ազատագրման պայքարի 30-ամյակին:
Պատարագին ներկա էին Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դեսպանության անձնակազմը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:
Այնուհետև «Սուրեն Կոժակյան» սրահում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որով ներկայացվեց ադրբեջանական պատմական կեղծիքների քաղաքականությունը և տարածաշրջանի վերաբերյալ իրական փաստերը:
Ֆիլմի ավարտից հետո ելույթ ունեցավ դեսպան Ղարիբջանյանը և ներկայացրեց Արցախի վերածննդի օրվա ու Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
Ելույթով հանդես եկավ նաև Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանը:
ԱԳՆ հաղորդագրություն