Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն առաջարկում է կասեցնել մարտի 1-ին ուժի մեջ մտած իր իսկ ներկայացրած որոշման նախագիծը՝ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը»: Հիշեցնենք, որ այս որոշմամբ սահմանվել էր՝ Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բացթողման ենթակա են 2700 դեղեր: Մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:
Այս որոշումը կասեցնելը Ալթունյանն արդարանում է որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու եւ աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու հիմնավորմամբ: Կառավարություն ներկայացրած նախագծում նաեւ գրված է՝ «Որոշումն ընդունելուց հետո բնակչության եւ առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների եւ դեղատների աշխատակիցների համար»:
Մինչդեռ հիշեցնենք, թե առողջապահության նախարարը, եւ թե փոխնախարարը, մեր հարցերին, որ այս որոշումը խնդիրներ է առաջացնելու, հերքում էին, եւ բնակիչներին հորդորում՝ ատամնացավի ու գլխացավի դեպքում դիմել շտապօգնությանը: Ալթունյանը հանրության դժգոհության մասին էլ այսպես էր արձագանքել՝ «Հանրության հետ ես բանակցում եմ բլոգերի եւ ինտերնետի միջոցով»:
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների եւ բժշկի ծառայությանը դիմելու համար քաղաքացիների հավելյալ ծախսերին, նախարարն ասաց. «Արդիականացնել պոլիկլինիկաները դա պերմանենտ պրոցես է: Ինչ վերաբերում է դեղերի կարգավորմանը՝ ոչ մի հավելյալ ծախս չի նախատեսվում:
Հիմա նախարարը կասեցման մասին նախագծում որպես որոշման կարգավորման նպատակ եւ բնույթ, նշում է՝ «Սույն Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրսգրման եւ դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ»:
Արդյոք հանրության դժգոհությունները դրդեցին նախարարին կասեցնել որոշումը: Դժվար թե: Եթե քաղաքացիների դժգոհությունները լինեին պատճառը, ապա նախարարությունում պիտի որ հաշվարկած լինեին նման ռիսկերը:
Իրականում նախարարը, այսպես ասած՝ անցկացրել է մի նախագիծ, եւ կառավարության հավանություն է ստացել, առանց իրավական հիմքի: Դեղատոմսով դեղերի դուրս գրումը փուլերով իրականացնելու մասին որեւէ որոշում չի եղել: Սա հենց նախարարն է հաստատել կառավարության նախորդ նիստում լրագրողների՝ մի քանի անգամ հնչող նույն հարցին:
Մասնավորապես հարցին՝ արդյոք որոշման մեջ նշված է, որ դեղերը դեղատոմսով են վաճառվելու փուլ առ փուլ, այսինքն՝ ո՞ր իրավական հիմքով է նախատեսված դեղերի մի մասը հիմա, մյուս մասն էլ հետո դեղատոմսերով վաճառել: «Փուլ առ փուլ է արվելու կառավարության որոշման հիման վրա»,-պատասխանել է նախարարը: Ճշտող հարցին՝ որոշումը դեռ չկա, դուք գործողությո՞ւն եք սկսել իրականացնել, նախարարը պատասխանեց. «Այո, որոշումը մշակվում է եւ կընդունվի կառավարության մյուս նիստի ընթացքում: Եվ, այո, այդ պրոցեսն ինձ գոհացնում է»:
Այսինքն՝ առանց իրավական հիմքի եւ կառավարության համապատասխան որոշման, նախարարը ձեռնարկել էր դեղերի դեղատոմսով դուրսգրման փուլային գործընթացը, ինչն, ըստ էության, անօրինական գործողություն է: Եվ հավանաբար պատասխանատվությունից խուսափելու համար նախարարը շտապեց կասեցնել դեռեւս օրեր առաջ իրեն գոհացնող նախագիծը:
ՄԻՊ-ն այսօր հաղորդագրություն է տարածել՝ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բացթողնման հարցի առնչությամբ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այդ մարդը առողջապահությունից շատ հեռու է , թերևս, շատ մոտ է կոնյակին:Բայց հարցն այն է, թե ով որ նրան բերեց այդ պաշտոնին, ինչով առաջնորդվեց, ինչ էր կերել-խմել, որ սրա պեսին նախարար դարձրեց, հա ՝մեկ էլ դրան դաբրո տվողը հացի հետ ինչ էր կերել?