Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարը խոստացավ «բաց» լինել

Մարտ 06,2018 14:32

Մարտի 6-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը ներկայացրին ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգը եւ ոլորտի հիմնախնդիրները։

Արսեն Բաղդասարյանը գծապատկերով ներկայացրեց կինոկենտրոնի կառուցվածքը եւ գործունեության ուղղությունները: Ասաց, որ կինոկենտրոնն ունի տնօրեն, երկու տեղակալ եւ ֆիլմ-հանձնակատար կամ ֆիլմ-հանձնաժողով:

«Բոլոր գործընթացները բաժանված են այդ 4 անդամների միջեւ, որի նպատակն է զարգացնել կինոն Հայաստանում եւ տարածել համաշխարհային շուկայում: Կինոկենտրոնի տեղակալներից մեկը զբաղվելու է ֆինանսական բաժնով, անձնակազմի կառավարմամբ եւ այլն, մյուս փոխտնօրենը կենտրոնանալու է մարկետինգի եւ իրավաբանական հարցերի վրա, իսկ ֆիլմ-հանձնաժողովը բաղկացած կլինի 4 մասից: Առաջինը արտաքին կապերի բաժինն է, երկրորդը աջակցման կենտրոնը, երրորդը դիստրիբյուցիայի եւ 4-րդը համատեղ ֆիլմարտադրության կենտրոնը»,-ասաց նա:

Արմեն Ամիրյանը նշեց, որ որեւէ նախագիծ առանց կինոկենտրոնի աջակցման կենտրոնով անցնելու չի կարող հասնել հանձնաժողովին: Նաեւ հավելեց, որ կինոկենտրոնն այլեւս արտադրությամբ չի զբաղվելու, այն աջակցելու է ներքին կինոարտադրողին:

Արսեն Բաղդասարյանը հայտնեց, որ կինոկենտրոնի նախահաշվի զարգացման բաժնում կինոարտադրողին իրենց մասնագետն օգնելու է ընդունված չափանիշներով նախահաշիվ կազմել: Կինոարտադրողների, հատկապես երիտասարդների համար նախատեսված են նաեւ կրթական ծրագրեր, որոնք կանցկացնեն դրսից հրավիրված մասնագետները:

Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ 2018-ի ֆիլմարտադրության բյուջեն 274 մլն դրամ է: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, տիկին Միրզախանյանը հայտնեց, որ այդ գումարի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտային ֆիլմերին:

Կինոկենտրոնի տնօրենը խոսեց նաեւ սպասվող պրեմիերաներից, որոնց թվում են Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը», Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը, հայ-ռուսական նախագիծ համարվող Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը: «Ամենաուրախալին, ինձ համար Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմն է, շատ հարցեր ենք լսել, վերջապես այս տարի այն ավարտին ենք հասցնելու, այդ ֆիլմի հետ մենք բավականին հույսեր ենք կապում: Ամենակարեւորը, որ բոլոր այն միջոցները, որ տրամադրվելու են ֆիլմի հետարտադրական աշխատանքներն անելու համար, պետք է կատարվեն Հայաստանում»,-հավելեց տիկին Միրզախանյանը:

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը ներկայացրեց նաեւ հայտերի ընդունման կարգը. «Այն նախագծերը, որոնց հեղինակները ցանկություն ունեն ֆինանսավորում ստանալ կինոկենտրոնից, հայտերը պետք է ներկայացնեն կինոկենտրոն: Հաջորդ քայլը հետեւյալն է` մրցույթի հանձնաժողովի նիստում ստացված հայտերը ներկայացվում են գեղարվեստական, տեխնիկական եւ փորձագիտական խմբերի, կատարվում է նախագծերի իրավական եւ ֆինանսական եւ տեխնիկական մասերի գնահատում: Գեղարվեստական խումբը գնահատում է նախագծերի գեղարվեստական մասը բալային սիստեմով: Գնահատման արդյունքների հիման վրա ընտրված լավագույն նախագծերի հեղինակներին հրավիրում ենք լսումների, այսինքն՝ փիչինգների: Կինոկենտրոնի տնօրենը եւ ֆիլմհանձնակատարը լսումների արդյունքում հաստատում են, ենթադրենք, լավագույն 5 նախագծերը եւ ֆինանսավորման չափերը: Ապա այդ ամենը ներկայացվում է մշակույթի նախարարի հաստատմանը»:

Նախարարը խոստացավ, որ հայտերի ընդունման, հաստատման գործընթացները կլինեն բաց եւ կարող են մասնակցել նաեւ լրագրողները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031