Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6.00-ի սահմաններում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց գտնվող գետնանցումի հեռախոսների կրպակը թալանելու փորձ է կատարվել: Այն կանխել էր անվտանգության աշխատակիցը, որին, սակայն, դիմակավորված անձը դանակահարել էր: Թե ինչպես է կատարվել դեպքը, կրպակների աշխատակիցներն ականատես չէին եղել, խուսափում էին անգամ իրենց լսածը պատմել: Գետնանցումի հատակն արյան մեջ թաթախված էր, հեռախոսների կրպակի ապակյա դուռը` կոտրված:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին ներկայացրեց հետևյալը. «Դատարանի դիմացի անցումի տակ գտնվող խանութներից մեկի ազդանշանային համակարգն է միացել, ու անվտանգության աշխատակիցներից մեկն անմիջապես գնացել է դեպքի վայր՝ տեսնելով, որ խանութներից մեկում հափշտակություն է կատարվում: Տեղում հայտնաբերել են դիմակավորված անձի, որը փորձել է հափշտակել որոշակի առարկաներ: Անվտանգության աշխատակցին տեսնելով՝ այդ անձը՝ հափշտակված առարկաները ձեռքին, փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, փախուստը կանխվել է անվտանգության աշխատակցի կողմից, որի ընթացքում վերջինս ստացել է կյանքին վտանգ չսպառնացող մարմնական վնասվածք: Իմ կողմից հանձնարարվել է քննիչին ՀՀ Քրեական օրենսգրքի 34, 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցել քրեական գործ և հիշյալ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու անմիջական կասկածանքի հիման վրա ցուցում եմ տվել նշված անձին ձերբակալել: Այժմ կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունները գործին վերաբերող հանգամանքները պարզելու համար»:
Դատախազը նաև տեղեկացրեց, որ 1988 թվականին ծնված երիտասարդը նախկինում դատապարտված է մեկ այլ անձի դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: « Իր վերաբերյալ նաև ունենք նյութ, հանձնարարել եմ հետաքննության մարմնին հարուցել քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հատկանիշներով, մահվան սպառնալիքներ հասցնելու և ուղարկել քննչական վարչություն: Հանձնարարել եմ քննիչին միացնել տվյալ քրեական գործը մի վարույթում և համատեղ քննել»,-ասաց դատախազը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ