«Նա իրավունք ունի կարծիք հայտնելու: Մանվել Գրիգորյանը երեւի ավելի լավ գիտի Արցախը, պայքարը, պայքարի պատմությունը. ակնկալիքներն էլ տարբեր մարդկանցից տարբեր են լինում այդ պայքարի մեջ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն` անդրադառնալով երեկ ՀՀԿ-ական գեներալ -պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությանը: Վերջինս Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր` Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի:
Ալիկ Սարգսյանն ասում է`Մանվել Գրիգորյանը ոչ թե անձանց հետ կապված կարծիք է հայտնել, այլ կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան է տվել:
Լրագրողը հարցն ուղղեց Ալիկ Սարգսյանին`Կարեն Կարապետյա՞նը լինի վարչապետ, թե՞ Սերժ Սարգսյանը: «Ես իմ կարծիքն ունեմ, բայց հիմա չեմ ուզում պատասխանել: Օրը կգա, կարծում եմ, հնարավորություն կունենանք կարծիք հայտնելու: Որպես քաղաքացի, որպես պատգամավոր, իմ կարծիքն ունեմ` ո՞վ ավելի արդյունավետ աշխատանք կարող է տանել, ո՞ւմ հնարավորությունները, ամբողջ տարիների ընթացքում կուտակած փորձը… նույն Արցախի հետ կապված ո՞ւմ փորձն է ավելի շատ, ո՞վ արտաքին էս աշխարհում, միջազգային ատյաններում ավելի պատշաճ կարգով կներկայացնի…»,- խուսափողական պատասխան տվեց պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ