Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրեց փակ, գաղտնի քվեարկություն: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն:
Ստորև ներկայացնում ենք Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի կենսագրությունը.
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
-Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Երևանում, հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի և հնագետ Սեդա Դևեջյանի ընտանիքում:
-1978 թ. ավարտել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:
-1978-1983 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:
-1983-1986 թթ. ուսանել և ավարտել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից.
-1986-1991թթ. Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող:
-1991-1993 թթ. ՀՀ նախագահի օգնական:
-1993-1995 թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
-1995-1998 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ նաև Ուրուգվայում և Բրազիլիայում):
-1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն:
-2003-2005 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:
-2006-2008 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում:
-2008-2011թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ:
-2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:
-2012 թ.-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ:
-2014 թ.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը):
-2016-2018թթ. Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար:
2017 թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։
-2018թ մարտի 6-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:
Գիտական և գիտամանկավարժական գործունեությունը.
-1989 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ.» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:
-2017 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
-1988-2014 թթ. (ընդմիջումներով) հայագիտական ու արևելագիտական առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Աճառյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում:
– Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր:
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Մամուլի հաղորդագրություն