«Չէի ասի, թե մանր են: Եթե խոշոր կոռուպցիա հայտնաբերվել է, ի՞նչ եք կարծում` ներողամի՞տ են եղել»,- խորհրդարանում լրագրողների դիտարկումներին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Լրագրողները նկատել էին, որ կոռուպցիայի մանր դեպքեր են բացահայտվում Հայաստանում:
ՀՀԿ-ական պատգամավորը համամիտ չէ նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հիշեցնենք, ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը մնում է այն, որ իշխանությունը չարաշահվում է:
Ալիկ Սարգսյանն ասում է`կոռուպցիայի դեմ պայքար այս պահին իրականացվում է. «Մարդիկ կալանավորվում են, տարբեր բացահայտումներ կան: Քննչական ծառայությունում, մյուս ծառայություններում բազմաթիվ նյութեր կան, ըստ իմ տեղեկությունների, որ քննություն է կատարվում և շուտով նաև հանրությունը կիրազեկվի»:
Հավելում է` սահմանադրական փոփոխություններ արվեցին, իրավական հիմքեր են ստեղծվում, նոր ինստիտուտներ, որպեսզի այսուհետ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքար տարվի:
Ալիկ Սարգսյանը հիշեցրեց, որ ազդարարի ինստիտուտ է ներդրվել ու հանրությունը պետք է մասնակցի, իներտ վիճակում չմնա, եթե որեւէ անձ որեւէ պաշտոնյայի կողմից չարաշահման մասին տեղեկություններ ունի`չթաքցնի, չասի`«ինչի՞, ես գործ տվո՞ղ եմ»: «Եթե այս պայքարը թողնում ենք իրավապահ մարմիններին, ապա տեմպերից մի բողոքեք: Էս մարդիկ հնարավորություն չունեն մի փայտիկով ամբողջությամբ դրանք բացահայտեն, ցույց տան ժողովրդին, որ կոռուպցիան վերացել է»,- ասաց նա` հավելելով, որ կոռուպցիան վերացնելու քաղաքական կամք կա, բայց մեկ տարում չեն կարող արդյունքներ երեւալ:
Լրագրողներից մեկը հիշեցրեց` Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ էր հայտարարել, որ «խոշոր ձկներին» գլխից պետք է բռնել ու նկատեց`մինչեւ հիմա «խոշոր ձուկ» չի բռնվել: Ալիկ Սարգսյանը հորդորեց` հարցը պատկան մարմիններին տալ. «Բայց երկրի ղեկավարը ներողամիտ չէ նման դեպքերի համար: Իսկ իմ պաշտոնավարման ժամանակ ինձ որեւէ հարցով չի միջնորդել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ