Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած՝ «Պետական պարգևների և կոչումների մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը զեկուցեց, որ ըստ նախագծի՝ մեդալներն ու շքանշանները պետք է շնորհվեն ոչ թե ՀՀ նախագահի հրամանագրով, ինչպես նախկինում, այլ միայն նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով, այսինքն՝ նախագահն ինքնուրույն որեւէ պարգեւատրում անելու իրավունք չունի:
«Նախատեսվում է, որ նախագահին պարգեւատրման համար միջնորդություն անելու իրավունք ունեն միայն ԱԺ պատգամավորը, ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը եւ վարչապետը: Մյուս պետական մարմինները առաջարկներով դիմելու են վարչապետին»,-հայտնեց Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ դեռեւս բաց է մնացել հարցը՝ «Ազգային հերոս»-ի կոչում շնորհելը պարգեւատրմա՞ն, թե հենց կոչումների շնորհման դաշտում պետք է դիտել. «Կոչումով պարգեւատրում սահմանադրությունն այլեւս թույլ չի տալիս: Այդ պատճառով նախատեսել ենք «Ազգային հերոս»-ը փոխարինել «Հայրենիքի շքանշանով», այսինքն, «Հայրենիքի շքանշան» ստացողը համարվում է ազգային հերոս: Այնուամենայնիվ, այս հարցը դեռ կքննարկենք»:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ՍԴ նախագահը կարո՞ղ է միջնորդել, օրինակ, արվեստի ոլորտի մարդուն պարգեւատրել: Արթուր Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ օրինագիծը սահմանում է ոլորտներն ըստ պաշտոնների:
Պատգամավորներից մի քանիսը կարծիք հայտնեցին՝ օրինագիծը պետք է հատակ սահմանի, որ «Հայրենիքի շքանշանը» ՀՀ բարձրագույն կոչումն է, ասել է թե՝ այն ստացողն ազգային հերոս է: Արթուր Հովհաննիսյանը հստակեցրեց. «Մենք հիմա ընդամենը քննարկում ենք՝ ինչպե՞ս անել, որ «Ազգային հերոս»-ի կոչումը «չկլանվի» «Հայրենիքի շքանշան» եզրույթի կողմից, եւ հասարակության կողմից տարբերակված մոտեցում չլինի»:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց՝ բոլոր ազգային հերոսները մինչ օրս պարգեւատրվել են «Հայրենիքի շքանշանով», ուստի խնդիր չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծայրից ծայր լաւ լուր:
Միշտ տհաճ է եղել ինձ համար «Ազգային հերոս» անունը ու միշտ ցանկացել եմ, որ Հայաստանի բարձրագոյն պարգեւը կոչուի «Հայրենիքի շքանշան» (այո, այո, հէ՛նց այդ անունը): Հայրենի՛քը պէտք է շեշտուի, ոչ թէ ազգը: Էլ չեմ ասում, որ «հերոսն» ըստ էութեան վատ բան է: Հերոսը ճգնաժամ, փրկութիւն, պատերազմ եւ այլ բացասական երեւոյթներ է խորհրդանշում: Մեր օրերում զարգացած ու կայացած երկրները «հերոսների» կարիք չունեն եւ առհասարակ «հերոսներ» չունեն ու նրանց պատուին ամէն քայլափոխի արձան չեն տեղադրում 🙂
Մինչ օրս եղած «Ազգային հերոսներն» էլ (Ալեք Մանուկեան, Վազգէն Ա …) օրէնքի ընդունումից յետոյ ինքնաբերաբար կը դառնան Հայրենիքի շքանշանակիրներ:
Good job! Keep going 🙂