Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թվեր նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք, մարտի 5-ին Արագածոտնի մարզում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա իհարկե խոսել է մարզի, այսպես ասած՝ սոցիալ-տնտեսական և մակրոտնտեսական վիճակի ու ցուցանիշների մասին, սակայն Կարեն Կարապետյանի հայտարարության կոնտեքստը բավականին թափանցիկ է: Բանն այստեղ այն է, որ նախօրեին Կարեն Կարապետյանի թվերը կասկածի տակ էր առել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասելով, որ 850 միլիոն դոլարի ներդրումների մասին վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը, և անցնող տարին զիջել է նախորդներին, ու ընդհանրապես վիճակագրությունը խեղաթյուրված է:
Բայց Կարեն Կարապետյանի արձագանքը, թերևս, առաջին հայացքից է միայն պատասխան Հրանտ Բագրատյանին: Բանն այն է, որ Կարապետյանն այդ իմաստով խորքային պատասխան է հղում Սերժ Սարգսյանին, որը օրերս նախագահական նստավայրում անցկացրել էր մակրոտնտեսական աճի վերաբերյալ խորհրդակցություն, ազդարարելով Կարեն Կարապետյանի կառավարության ապահոված մոտ 8 տոկոս աճը, սակայն հայտարարելով նաև, որ թվերը դեռ կամփոփվեն, և իրենք վերջնական գնահատականն ու վերլուծությունը կանեն: Այսինքն՝ Սարգսյանը ընդունել էր «ճակատամարտում» Կարեն Կարապետյանի հաղթանակը, ակնարկելով սակայն, որ «պատերազմում» նա դեռ չի հաղթել: Խոսքնն իհարկե 2018-ի վարչապետի պաշտոնի և կառավարության մասին է: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այլ բան չէր, քան ակնարկ կամ կասկած, որ պաշտոնական վիճակագրությունն այնքան էլ վստահելի չէ կամ առնվազն ենթակա է կասկածի:
Սարգսյանն իհարկե շատ լավ գիտե, որ պաշտոնական վիճակագրությունը միշտ էլ կասկածի ենթակա է, պարզապես այլ է, թե երբ կա դրա նպատակահարմարությունը և կասկածի տակ դնելու իշխանությունը: Միևնույն ժամանակ, կան, իհարկե, ավելի նուրբ տեխնոլոգիաներ և, գործնականում, Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը Կարապետյանի կառավարության ներկայացրած ներդրումային վիճակագրության պարզապես մասնագիտական ռենտգեն էր, որը ցույց էր տալիս, որ իրականում օրգանիզմը, որ ներկայացվում է առողջ, աճող, ծաղկող, իրականում բոլորովին հեռու է այդպիսին համարվելուց: Իսկ Հրանտ Բագրատյանի մասով մի ուշագրավ դետալ՝ օրերս Արցախի նախագահը նրան պարգևատրել է արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, իր վարչապետության տարիներին Արցախի համար արած գործերի համար:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում