Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք կարող են լինել այն փաստարկները, որ կհիմնավորեն Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը. «Իրատես»

Մարտ 06,2018 12:32

Մենք թևակոխում ենք մի փուլ, որտեղ ավելի լուրջ պատճառաբանություններ են անհրաժեշտ։ Որո՞նք կարող են լինել այն փաստարկները, որ կհիմնավորեն Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը։

Ակնհայտ է, որ դրանք չեն կարող լինել տնտեսական բնույթի։ Դրա վառ ապացույցն է այն, որ Սերժ Սարգսյանը սոցիալ-տնտեսական թեմաների շուրջ խորհրդակցություն հրավիրելիս հանրությանը և վարչական-իշխանական ապարատին հղեց կարևորագույն ուղերձ. գործող վարչապետին տնտեսական արդյունքից ելնելով պաշտոնանկ անելու որևէ հիմք չկա։

Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց ցույց տալու համար, որ ներկա կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ բավականին լուրջ արդյունքների է հասել։ Այնպես որ՝ հիմնավորումների շարքում խոսք չի կարող լինել կառավարության կողմից աշխատանքը տապալելու, տնտեսական ցածր ցուցանիշներ արձանագրելու մասին։

Այս հարցը բացառելուց հետո, թերևս, մնում է միայն ներքին ու արտաքին անվտանգության ապահովման հարցը, ինչը բխում է նոր սահմանադրությունից։ Մայր օրենքով վարչապետը, բացի տնտեսական հարցերից, պետք է զբաղվի նաև անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքական հարցերով։ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցի հիմնավորումները հիմնականում ծավալվելու են այս համատեքստում։ Եվ արդեն իսկ այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում։ Ընդ որում, անվտանգության ապահովման շուրջ բացատրությունները վերաբերելու են թե ներքին, թե արտաքին հարցերին։

Փորձագետներից շատերը պատահական չեն համարում այն փաստը, որ վերջին կես ամսում բավականին ակտիվ շրջանառվում էր քուրդ ահաբեկիչների՝ Հայաստան մուտք գործելու թեման։ Ընդ որում` դա արվում էր տեղեկատվական արտահոսքերի մակարդակով ու կազմակերպված բնույթ ուներ։ Նույնիսկ նշվում էին նրանց թիվն ու տեղակայման վայրը՝ մեկ Գյումրի, մեկ՝ Գորիս։ Սակայն այսքանով հանդերձ զարմանալիորեն չէին կարողանում հայտնաբերել նրանց։ Ակնհայտորեն որոշակի մթնոլորտ է ստեղծվում, թե երկրի ներսում կա անվտանգության խնդիր, և բնականաբար այդ շեշտադրումը դառնում է առաջնային։ Եվ այս պայմաններում հարց է առաջանում՝ ո՞վ կարող է այդ հարցերը լուծել, եթե ոչ Սերժ Սարգսյանը, մարդ, որը տասնամյակներով զբաղվել է այդ ոլորտով, թրծված է և այլն։

Երկրորդ հիմնավորումը Հայաստանի՝ արտաքին վտանգի առջև կանգնած լինելու փաստը շրջանառելն է։ Գույներն ավելի են խտանում Հայաստանի, մասնավորապես, Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի հնչեցրած նկրտումների համատեքստում։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները մեծացնում են լարվածությունը, դա ցույց է տալիս, որ երկիրն արտաքին վտանգի առջև է կանգնած. հակամարտությունն արդեն ոչ միայն Արցախի շուրջ է, այլև թիրախավորված են մայրաքաղաքն ու մարզերը։ Այս պայմաններում ո՞վ պետք է ապահովի երկրի անվտանգությունը, իհարկե՝ նույն Սերժ Սարգսյանը։

Այսպիսով, արդեն իսկ կան ներքին անվտանգության, կայունության, պաշտպանության, ինչպես նաև արտաքին անվտանգության խնդիրներ, որտեղ դարձյալ երևան է գալիս Սերժ Սարգսյանի արդիականացման հարցը։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031