Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» ակամա բախվում է նախորդ ընդդիմադիրների շարած ականներին` փողոց դուրս եկած մարդկանց այնքան երկար ու այնքան հաճախ են տուն ուղարկել, որ այլևս փողոց դուրս գալը իմաստազրկվել է. «Իրատես»

Մարտ 06,2018 12:22

Ժողովուրդը պաշտոնապես իր տեսակետը արտահայտել է 2017-ի խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքում ՀՀԿ-ն ստացավ մեծամասնություն և իշխանություն ձևավորելու իրավունք մինչև 2022-ը: Եվ հիմա ՀՀԿ-ն կարող է իբրև մեծամասնություն առաջադրել վարչապետի իր թեկնածուին: Կո՞ղմ է, թե՞ դեմ Նիկոլ Փաշինյանը: Կամ` «Ելքը»:

Կան տարբերակներ:

1. «Ելքի» մյուս երկու կուսակցությունները չեն միանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` իմաստ չտեսնելով հերթական անգամ ժողովրդին փողոց հանելու մեջ, երբ չկան իշխանափոխության իրավական հիմքեր ու արտահայտված տրամադրություններ: Նաև վստահ չլինելով, որ կհավաքեն իշխանափոխությանն անհրաժեշտ թվով մարդ: Ի՞նչ է անում նա` մենա՞կ կամ ընտանիքի՞ հետ է դուրս գալիս պայքարի: Ի՞նչ է կատարվում այդ դեպքում դաշինքի հետ: Իհարկե, մեկ հարցով դաշինք չի քանդվի, բայց ճեղքեր կառաջանան: Հատկապես հայկական քաղաքական դաշտում հրաշալի պատրվակ է հարայ-հրոց հայտարարելու` «Ելքի» պառակտվելու, անփառունակ ու խիստ վաղաժամ վախճանի վերաբերյալ: Հրապարակումների ու զուգորդումների պակաս չի լինելու` ՀԱԿ-ից «Ժառանգություն» ընդդիմության անցած ճանապարհի հետ: Եվ բոլորովին հաշվի չի առնվելու փաստը, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ «Ելքն» է, ոչ Նիկոլ Փաշինյանը:

2. «Ելքը» մեկ շաբաթից կայացնում է փողոց դուրս գալու որոշում ու հրավիրում է հանրահավաք` Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեմ: Հրաշալի ելույթներ են ունենում, մի քանի անգամ հրապարակում են նրա 2012-ի հայտնի խոսքը ու… գնու՞մ են տուն, թե՞ մնում են փողոցում: Եթե գնում են տուն, նորմալ է` հրապարակեցին իրենց ընդդիմադիր տեսակետը և ոչ ոք չի կարող մեղադրել, որ «Ելքը» ընդունել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եթե մնում են փողոցում, ի՞նչ է լինում` ամեն օր հանրահավաք են անում, երթեր, հարցազրույցներ, համախոհներին են հրավիրում մարզերից: Միով բանիվ` գործընթաց են սկսում: Կհավաքվի՞ և քանի՞ օրում այնքան մարդ, որ իրավիճակ փոխվի: Խմբակցության ղեկավարը վրան է խփելու ու գիշերելու՞ է Ազատության հրապարակում, հետո հացադու՞լ է անելու: Ու` ի՞նչ: Նա, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի պես հաղթանակի հետևից Մոսկվա չի գնա, բայց ի՞նչ է դա փոխում միջին վիճակագրական հայի կյանքում: Սա է գլխավոր հարցը, որի պատասխանը Նիկոլ Փաշինյանը չունի: Նա ուզում է մարդկանց տեսակետ արտահայտելու հնարավորություն տալ, իսկ մարդիկ տեսակետ կամ չունեն, կամ` արտահայտելու իմաստը չեն տեսնում: Նրանք չեն հավատում իշխանափոխության հնարավորությանը:

Փաստացի` երկու դեպքում էլ գործընթացը հանգում է նույն խնդրին` մարդիկ փողոց դուրս կգա՞ն: «Ելքը» ակամա բախվում է նախորդ ընդդիմադիրների շարած ականներին` փողոց դուրս եկած մարդկանց այնքան երկար ու այնքան հաճախ են տուն ուղարկել, որ այլևս փողոց դուրս գալը իմաստազրկվել է: Կարեն Դեմիրճյանից` Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյանից Գագիկ Ծառուկյան` փողոցային պայքարը կորցրել է ազդակներն ու նպատակները:

Գնաճի դեմ բողոքի «Ելքի» երկու ակցիաները վկայեցին, որ մարդիկ չեն բողոքում նույնիսկ իրենց գրպանը սուբյեկտիվորեն դատարկողների դեմ` փողոց դուրս գալով ու պահանջներ դնելով: Ոչ թե «Ելքն» է կորցրել փողոցը, այլ փողոցը փոխել է պայքարի ձևը` մարդիկ սլացիկ հեռանում են: Հեռանում են լուռ ու արագ` եթե այստեղ իրենց հարցերը հնարավոր չէ լուծել, գնում են այնտեղ, որտեղ լուծում են: Դա «Ելքի» խնդիրը չէ: Դա իշխանության խնդիրն է, որ ոչ միայն բողոքական զանգված է կորցնում, այլև երկրի բնակչությանը: Ոչ միայն ընտրող, այլև` արտադրող ու սպառող, աշակերտ ու զինվոր:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031